Ներկայացվել է կառավարության 5 տարվա ծրագիրը
Գործադիրի այսօրվա նիստի ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց կառավարության հինգ տարվա ծրագիրը: Նա նշեց, որ ծրագրում արտացոլված են կառավարության հիմնական նպատակները, խնդիրները, առանցքային քայլերը, արժեհամակարգը, որին ձգտելու է կառավարությունը: «Առաջիկա հինգ տարիներին կառավարության գործունեությունն ուղղված է լինելու բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության, բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխան արտահանմանը, իսկ հետո դրանցից բխող միջոցառումները կհաստատվեն»-ասաց նա: Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ արժե արձանագրել, որ կառավարությունը մի քանի անգամ երկար ժամերով աշխատել է տեքստի վրա: «Այս առումով բավարար չափով ներառական է, բայց կունենանք անհրաժեշտություն ոճական, բառապաշարային առումով սինքրոնացնելու և դե յուրե ժամանակ ունենք խմբագրական բնույթի աշխատանքներ անելու: Մենք պետք է աշխատենք, որ ծրագրի ձևակերպումները լինեն մաքսիմալ պարզ»,-ասաց նա: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նկատեց, որ ծրագիրը «Իմ քայլ» դաշինքի նախընտրական ծրագրի հիման վրա է կազմվել: Վարչապետն առաջակեց վաղը երեկոյան կամ ուրբաթ առավոտյան կառավարության կազմով հավաքվել և վերջնական տեսքի բերել: Այսպիսով՝ վարչապետի առաջարկով հարցը քվեարկության չդրվեց: Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը ներառում է հետևյալ բաժինները. 1. Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության հիմնարար ուղենիշերը 2. Արտաքին և ներքին անվտանգության ապահովումը (պաշտպանության ոլորտի քաղաքականություն, ներքին անվտանգություն, արտաքին քաղաքականություն, սփյուռքի հետ կապեր) 3. Պայքար կոռուպցիայի դեմ (հանրային ծառայության մեջ գտնվող անձանց գործունեության, գույքի և եկամուտների թափանցիկություն, հանրային կառավարում, տնտեսական գործունեության թափանցիկություն) 4. Ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի (օրենքի առջև բոլորի հավասարություն, արդարադատություն և մարդու իրավունքների պաշտպանություն, աղքատության հաղթահարում, սոցիալական պաշտպանություն և ժողովրդագրություն, առողջապահություն, կրթություն և գիտություն, մշակույթ, սպորտ, երիտասարդություն, շրջակա միջավայր) 5. Մրցունակ, մասնակցային և ներառական տնտեսություն (տնտեսական քաղաքականությունը և քաղաքացու բարեկեցությունը, ստեղծարար ներուժի ընդլայնումը և իրացումը, մրցունակ և մասնակցային տնտեսություն, գործարար միջավայր, ներքին շուկաների ազատություն, արդար մրցակցություն, արտահանումը՝ տնտեսական աճի հիմնական շարժիչ, ներդրումների աճը՝ մրցունակության և կայուն աճի նախապայման, զբոսաշրջություն, ՓՄՁ զարգացումը՝ ներառական տնտեսական աճի նախադրյալ, վերամշակող արդյունաբերություն, գյուղատնտեսություն) 6. Տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում և ենթակառուցվածքներ (տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում, էներգետիկ բնագավառ, հանքարդյունաբերության ոլորտ, ջրային տնտեսություն, տրանսպորտ, պետական գույքի կառավարում, միգրացիա) 7. Բարձր տեխնոլոգիաներ, թվայնացում և ռազմարդյունաբերություն (բարձր տեխնոլոգիաներ, կապ և թվայնացում) 8. Պետական ֆինանսների կառավարում (հարկային համակարգ, պետական ծախսեր): Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Քաղաքականություն