Գյումրին կունենա նոր երթուղային ցանց, սմարթ կանգառներ
Գյումրին աշնանը կունենա նոր երթուղային ցանց ու ավելի բարեկարգ ճանապարհներ, կկառուցվեն սմարթ կանգառներ։ Այս մասին NEWS. am-ի հետ զրույցում հայտնեց Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանը։ «Գյումրու երթուղային ցանցը 10-12 տարվա հնություն ունի, փոփոխություններ չեն կատարվել, իսկ քաղաքում բնակչության տեղաշարժեր են եղել, մարդիկ տնակներից տեղափոխվել են քաղաքներ, ուստի նոր երթուղային ցանց ենք պատվիրել փորձագիտական խմբի, որը 2 մասով է իրականացվելու, մեկը հին ցանցի ուսումնասիրություն է կատարելու, իսկ մյուս մասով նոր երթուղային ցանցի լրամշակում է կատարելու»,–նշեց նա։ Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետի խոսքով՝ հավանական է ավտոբուսային երթուղիները 3-4 դառնան, ուստի քաղաքին նոր ավտոբուսներ են պետք. «Հիմա 2–ն են մեր մոտ։ Քանի որ ունենալու ենք 3-4 ավտոբուսային երթուղի, մեզ մոտավորապես 60 ավտոբուս է պետք, որից Գյումրի քաղաքում շահագործվում է 14-ը, այսինքն, մոտավորապես, 46 ավտոբուս պետք է ձեռք բերի քաղաքապետարանը, մրցույթ է հայտարարվելու եւ մեր առաջարկած գնով մեզ տալու են այդ ավտոբուսները»։ Հարցին՝ ի՞նչ միջոցներով է իրականացվելու երթուղային ցանցի բարեփոխման նախագիծը, Արտյոմ Սարգսյանը նշեց, որ նախատեսվում է համայնքային եւ պետական բյուջեներից հատկացված միջոցների հաշվին իրականացնել. «Ավագանու նիստում 2018 թվականի բյուջեից 250 միլիոն տնտեսված գումարը հատկացվել է տրանսպորտին, բայց քանի որ սա մեծ ծրագիր է, կառավարությունից էլ ենք սուբսիդիա ուզել 60։40 տոկոս հարաբերակցությամբ։ Ծրագիրն արդեն ներկայացված է կառավարություն, մնում է հավանության արժանանա եւ 360 միլիոն տրամադրի կառավարությունը, որ մեր 250 միլիոնի հետ կարողանանք այդ 45 ավտոբուսները ձեռք բերել»։ Նա մանրամասնեց, որ հուլիս ամսին մրցույթները կհայտարավեն, օգոստոսին նախատեսվում է ավարտել նախագիծը եւ կսկսեն նոր երթուղիների շահագործումը։ Արտյոմ Սարգսյանը հայտնեց՝ Գյումրին 2020 թվականին կունենա նաեւ 70 սմարթ կանգառ. «Մենք պայմանագիր ենք կնքել մի ընկերության հետ, որը մեծ ներդրում է անում քաղաքում թվով 70 սմարթ կանգառներ ունենալու համար մինչեւ 2020 թվականը. այսինքն՝ 2019-ին՝ 30, իսկ 2020–ին՝ 40 կանգառ պիտի տեղադրեն։ Մարտի վերջին կամ ապրիլինին կանգառների առաջին նմուշն են ուզում դնել»։ Նա հավելեց՝ կանգառներն ունենալու են Wi-Fi եւ էլեկտրականություն, USB-ների հնարավորություն, որոնք թույլ կտան հեռախոսները վերալիցքավորել։ Մանրամասներըՙ սկզբնաղբյուր կայքում:

Քաղաքականություն