«Իմ քայլը» հիմնադրամը կաջակցի անպտղությամբ տառապող զույգերին
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հեռահար ծրագրերից է դժվարին կացության մեջ գտնվող երեխաներին աջակցությունը, խնամատար ընտանիքների ինստիտուտի կայացումը, մանկալքության կանխարգելումն ու մանկատների վերացումը, վերարտադրողականության աճը Հայաստանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով հիմնադրամի առաջիկա ծրագրերին, այս մասին ասաց ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը: Նրա խոսքով՝ ծրագիրը դեռևս մշակման փուլում է: «Այժմ հիմնադրամի աշխատակիցները դաշտում բոլոր դերակատարների հետ քննարկումներ են իրականացնում: Ենթադրում ենք, որ կլինի շատ թանկ ծրագիր»,-ասաց նա: Հաջորդ հեռահար ծրագիրը, որը ենթադրում է 1 մլրդ դրամ բյուջե և դեռևս քննարկումների փուլում է, Հայաստանում վերարտադրողականության աճին աջակցությունն է: «Այս ծրագրի միջոցով աջակցություն կտրամադրվի այն ընտանիքները, ովքեր չեն կարողանում երեխա ունենալ և ցանկանում են դիմել այդ քայլին, սակայն բավական միջոցներ չունեն: Նախկինում դա «Արագիլ» հիմնադրամի միջոցով է եղել, որը գործունեությունը դադարեցրել է: Մենք ունենք 400 զույգի հերթ այժմ և պետք է արագացնենք»,-հավելեց նա:

Քաղաքականություն