Որն է եղել Աննա Հակոբյանի մեծագույն վախը տարիներ շարունակ
Երբեւէ չեմ բարեխոսել ամուսնուն իմ մտերիմներին աշխատանքի տեղավորելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է «Իմ քայլը» եւ «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Լրագրողը հարցրել է Աննա Հակոբյանի վարսավիրի, ինչպես նաեւ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի հետ բարեկամական կապերի մասին, որին վարչապետի տիկինը պատասխանել է. «Երբ ես լրագրող եմ եղել 10 տարի, հետո՝ գլխավոր խմբագիր, գրել եմ նյութեր, ռեպորտաժներ, առավել եւս խմբագրականներ, որոնք լուրջ քննադատությունների են արժանացել, միշտ վախեցել եմ նրանից, որ չգրեմ մի բան, որը կկարդան Բաղրամյան 26-ի կաբինետներում կամ այն մարդիկ, ովքեր ներգրավված են այն ամենի մեջ, ինչի մասին ես գրում եմ, կկարդան եւ կծիծաղեն ինձ վրա: Դա եղել է իմ մեծագույն վախը լրագրողական գործունեության ընթացքում»: Աննա Հակոբյանը պնդել է՝ եթե քննադատել է կամ քննադատական պնդում է արել լրագրողական գործունեության ժամանակ, մինչեւ վերջին կաթիլը ճշտել է այն հիմքերը, որոնք թույլ են տվել իշխանության հասցեին քննադատական որեւէ խոսք ասել: «Ինձ համար վախենալու չեն եղել բացասական խոսքերը, հնարավոր հայհոյանքները թերթի հասցեին, բայց մշատպես մտածել եմ, որ իմ որեւէ բառ հիմք չտա, որ որեւէ մեկը ծիծաղի իմ գրածի վրա»,-եզրափակել է նա։

Քաղաքականություն