Վախճանվել է Ցեղասպանությունը վերապրած 106-ամյա հայուհին
Արգենտինայում 106 տարեկանում մահացել է Հայոց ցեղասպանության վերջին վերապրածներից մեկը՝ Լուսինե Բերեջիկլյան դե Խաչերյանը: Այս մասին հաղորդում է Rusarminfo-նՙ հղում կատարելով հայ-արգենտինական «Prensa Armenia» պարբերականին: Նշվում է, որ Բերեջիկլյանը Արգենտինայի հայ համայնքի ականավոր գործիչներից էր: Ըստ փաստաթղթերի՝ Լուսինե Բերեջիկլյանը ծնվել է 1909 թվականին Այնթափ քաղաքում (ներկայիս Գազիանտեպ, Թուրքիա): Ցեղասպանության տարիներին Բերեջիկլյանի ընտանիքը գաղթել էր Սիրիա: 16 տարեկանում նա իր եղբայրների եւ քրոջ հետ Սիրիայից տեղափոխվել էր Արգենտինա: «Ավելի լավ է չհիշել Ցեղասպանությունը: Անհնար է քնել այդ հիշողությունների պատճառով»,-ասել է Լուսինե Բերեջիկլյանը 2015 թվականին արգենտինական «Clarín» պարբերականին տված հարցազրույցում:

Քաղաքականություն

Պատահարներ