Գրիբոյեդով գյուղի բնակիչները փակել են Էջմիածնի ճանապարհը
Գրիբոյեդով գյուղի բնակիչները փակել են Էջմիածնի ճանապարհը, պահանջը մեկն է՝ ճանապարհի բարեկարգում: Գյուղի բնակիչներից մեկը, որ չցանկացավ ներկայանալ, SHANTNEWS am-ի հետ զրույցում նշեց. «Մեզ ասում են՝ փողերը տվեք, բարեկարգենք, հիմա մենք որտեղի՞ց փող տանք: Ասում են՝ 50 տոկոսը դուք արեք, 50-ը՝ մենք»: Ակցիայի մասնակիցը հայտնեց, որ ճանապարհն ամբողջությամբ փակ է, գյուղի 90 տոկոսն ակցիայի է դուրս եկել: «Հեսա կնանիք-մնանիք էլ կգան ու վերջ: Գրիբոյեդով խաչմերուկի մայրուղին է: Առաջին անգամ ենք ակցիա անում, միշտ համեստ, խելոք նստել ենք մեր տեղը, սպասել ենք, որ մի բան կլինի»,- ասաց նա: Վերջինս հայտնեց, որ տեղում է Ոստիկանության վարչության պետը, սպասում են մարզպետին: Հարցին՝ ի՞նչ վիճակում է ճանապարհը, որի բարեկարգման պահանջով ակցիա են իրականացնում, նա ասաց. «Ճանապարհ չկա ստեղ, եթե գաք, ձեր մեքենան հաջորդ օրը չի քշվելու, պիտի տանեք ռեմոնտի, մեծ ծախսերի հետ է կապված լինելու, տրակտորով պիտի գնաք-գաք, ջրերի մեջ, մի ահավոր վիճակ, պատկերացնելու չի, արդեն երրորդ տարին է՝ այս վիճակն է»: Այս պահին սպասում են, որպեսզի մարզպետարանի պատասխանատուները ժամանեն։ Բողոքի ակցիան շարունակվում է, գյուղացիները, ընդառաջելով ոստիկանությանը, ճանապարհը ժամանակավորապես բացել են։

Քաղաքականություն

Պատահարներ