Youtube-ից շահույթ ստացողներին հարկելու 2 տարբերակ կա. Սամվել Մարտիրոսյան
Ճիշտ մոտեցում է՝ անել այնպես, որ մարդիկ հնարավորություն ունենան գումար վաստակել, հետո մտածեն հարկման մասին: Tert. am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանի այն հայտարարությանը, որ Youtube-ից շահույթ ստացողները հնարավոր է, որ կհարկվեն: Սամվել Մարտիրոսյանը նկատեց, որ փաստացի Հայաստանը չճանաչված է Youtube-ի կողմից, այսինքն՝ Youtube-ի հետ համագործակցության ծառայությունը Հայաստանում չի գործում և դրանից բխելով և՛ գովազդ տեղադրելն է խնդիր, և՛ գումար վաստակելը: «Բայց նախարարությունը որոշ ժամանակ առաջ հայտարարել էր, որ արդեն իսկ աշխատում են այդ ուղղությամբ՝ ունենան համագործակցություն, այսինքն՝ այս ձևով կխթանեն, որ մարդիկ կարողանան ավելի հեշտ գումար վաստակել այստեղ»,- ասաց նա: Իսկ թե ինչ միջոցներ կան հարկելու, Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ երկու մոտեցում կա՝ նախ կարող են հարկել, եթե Youtube-ում բլոգերները դեկլարացիայով դիմեն, այսինքն՝ սեփական եկամուտները պարտադիր հայտարարագրեն: «Կարող է գումար աշխատելով դեկլարացնի եկամուտը, որը ստացել է, այսինքն՝ վիդեոբլոգ է վարել ու գովազդից ստացել է գումար: Բայց այդ տեսանկյունից շատ բաներ կան, որ չեն հարկվում, նման մշակույթ ՀՀ-ում չկա»,- նշեց նա: Մյուս տարբերակն այն կլինի, եթե պետությունն այդ մեծ հարթակի հետ աշխատի: «Օրինակ, ինչպես Youtube-ի, այնպես էլ Facebook-ի դեպքում չեն կարող վերահսկել, բայց եթե երկիրն այդ մեծ հարթակի հետ աշխատի, կարող են հարկային դրույթները պայմանավորվել: Օրինակ ԱԱՀ-ն ներառվում է Youtube-ի կողմից և փաստացի այդտեղ ինչ-որ ձևով երկիրը ստանում է տեղադրված գովազդից հարկային մուտքեր: Այդ մոդելը կարող են կիրառել»,- նշեց նա:

Քաղաքականություն