ԱՄՆ պետքարտուղարը Արցախին լեգիտիմ իրավունք է տվել ինքնիշխանությունը հաստատել Ադրբեջանի կորցրած տարածքների նկատմամբ
Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը ԼՂ կարգավորման համար «աննախադեպ բարենպաստ» է համարում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոի հայտարարությունը Իսրայելի կողմից Հոլանի բարձունքները գրավելու մասին: «Մայք Պոմպեոն մի հայտարարություն է արել, որով Արցախին տվել է լեգիտիմ իրավունք իր ինքնիշխանությունը հաստատել 1992 -1994թթ. Արցախին պարտադրված պատերազմում Ադրբեջանի կողմից կորցրած տարածքների նկատմամբ։ …Պետք է արձանագրել. միջազգային իրավունքում հաստատվեց նոր իրողություն, որը հավակնում է վերածվել միջազգային սովորութային իրավունքի աղբյուրի», -ֆեյսբուքյան իր էջում գրել է Ա.Ղազինյանը: «Համաձայն այդ իրողության, եթե իր նկատմամբ ուղղված ակնհայտ ագրեսիայի արդյունքում պաշտպանվող պետությանը հաջողվում է գրավել իր անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող, սակայն ագրեսոր պետության միջազգայնորեն ճանաչված տարածքը, ապա պաշտպանվող պետությունը ստանում է լեգիտիմ իրավունք պահանջել և ստանալ միջազգային հանրությունից այդ տարածքի նկատմամբ իր ինքնիշխանության ճանաչում։ Կարծում եմ, Հայաստանի և Արցախի դիվանագետներն ու փորձագետները պետք է օգտագործեն այս նախադեպը՝ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ ցուցաբերած ագրեսիայի արդյունքում կորցրած տարածքների նկատմամբ Արցախի ինքնիշխանության հաստատման նպատակով։ Հատկապես, որ այդ տարածքները լրջագույն նշանակություն ունեն Արցախի 150 000 խաղաղ բնակչության կյանքի իրավունքի պաշտպանության համար», - նշել է նա:

Քաղաքականություն

Պատահարներ