ԱՄՆ-ն դուրս կբերի իր զորքերի մեծ մասը Նիգերից և Չադից

Նիգերում և Չադում տեղակայված ամերիկյան զորքերի մեծ մասը կլքի այդ երկրները, հինգշաբթի հաղորդել է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ կառավարության երկու անանուն պաշտոնյաների:


ԱՄՆ-ն զորքերի մեծ մասը դուրս կբերի Չադից և Նիգերից, մինչ կաշխատի թարմացնել այն հիմնական համաձայնագրերը, որոնք կարգավորում են այնտեղ ԱՄՆ բանակի դերը և հակաահաբեկչական գործողությունները, ասել են երկու ամերիկացի պաշտոնյաներ:


Աղբյուրներից մեկի համաձայն՝ Նիգերի 1 հազարանոց զինվորական կոնտինգենտի զգալի մասը կլքի երկիրը։ Գործակալության մեկ այլ աղբյուր հավելել է, որ ԱՄՆ-ն Չադում իր 100 զինվորականների մեծ մասին կտեղափոխի այդտեղից։


Ավելի վաղ ԱՄՆ-ի շտաբների պետերի միացյալ շտաբի փոխնախագահ, ծովակալ Քրիստոֆեր Գրեդին AP-ին տված հարցազրույցում ասել էր, որ վերջնական որոշում չկա այն մասին, թե արդյոք ԱՄՆ զինվորականներն ամբողջությամբ կլքեն Նիգերը և Չադը:


Ծովակալը բացատրել է, որ վերջին օրերին Նիգերի հարեւան Չադի կառավարությունը նույնպես կասկածի տակ է դրել անվտանգության երկկողմ համաձայնագիրը, որը սահմանում է Չադում ամերիկացի զինվորականների ներկայության պայմանները։ Ծովակալը պարզաբանել է, որ Չադի իշխանությունները խնդրել են ամերիկյան զորախմբին լքել երկիրը, և այժմ Պենտագոնը, ԱՄՆ Աֆրիկայի հրամանատարությունը և Պետդեպարտամենտը աշխատում են Չադի կառավարության հետ՝ ապահովելու, որ ամերիկացիները մնան։


AP-ն հիշեցնում է, որ Միացյալ Նահանգները մեծ ավիաբազա ունի Ագադես քաղաքում՝ Նիգերի մայրաքաղաք Նիամեյից 920 կմ հյուսիս-արևելք։ Բազան օգտագործվում է անօդաչու թռչող սարքերի և կառավարվող ինքնաթիռների հետախուզական թռիչքների և այլ նպատակների համար։ ԱՄՆ-ն նաև հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել նիգերիացի զինվորականների վերապատրաստման համար 2013 թվականից ի վեր։


Մարտի կեսերին Նիգերը հայտարարեց, որ 2012-ի ռազմական համագործակցության համաձայնագիրը «պարտադրվել է» Վաշինգտոնի կողմից և այն անվավեր ճանաչեց: Չորեքշաբթի Պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Նիգերի պաշտոնյաները կհանդիպեն հինգշաբթի՝ սկսելու աֆրիկյան երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման պայմանների քննարկումը:


Ավելի վաղ Մալին, Բուրկինա Ֆասոն և Նիգերը հայտարարեցին ռազմական պայմանագրի կնքման մասին և պայմանավորվեցին ստեղծել ընդհանուր ուժեր՝ ջիհադիստների դեմ պայքարելու համար։ Այս երկրների իշխանությունները խախտել են Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության մասին համաձայնագրերը և ստիպել են ֆրանսիացի զինվորականներին լքել իրենց տարածքը։

Քաղաքականություն

Պատահարներ