Քոչարյանը չցանկացավ խոսել իր առողջական խնդիրներից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթանում է «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործի քննությունը։


Դատական նիստի սկզբում դատարանը ամբաստանյալներից ճշտեց նրանց տվյալները՝ ծննդյան տարեթիվը, բնակության վայրը, առողջական վիճակը, արդյոք աշխատում են, թե՝ ոչ:

 

Ամբաստանյալներից Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ այս պահին մշտական աշխատանք չունի, հանդիսանում է «Սիստեմա» ԲՖԿ տնօրենների խորհրդի անդամ։ Հարցին, արդյոք ունի առողջական խնդիրներ՝ Քոչարյանը պատասխանեց.«Չէի ցանկանա դատարանում խոսել առողջական խնդիրներից»։

 

Հարցին արդյոք ստացել է մեղադրական եզրակացությունը, Քոչարյանը պատասխանեց՝ վաղուց և նշեց, որ կոնկրետ, թե երբ է ստացել՝ չի հիշում.«Մոտ երկուսուկես ամիս սպասել եմ, թե երբ է քննվելու կալանքի հարցը»,–հայտարարեց երկրորդ նախագահը։

 

Նշենք, որ դատարանը հաշվի առնելով Սեյրան Օհանյանի առողջական վիճակը, թույլատրեց նրան՝ դատարանի հարցերին պատասխանել նստած, սակայն վերջինս մերժեց:


ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ամբաստանյալ Յուրի Խաչատուրովը դատարանի հարցերին պատասխանեց ռուսերենով։ Նա նշեց, որ հայերենին տիրապետում է, սակայն բանավոր խոսքում հնարավոր է սխալներ թույլ տա, դրա համար խոսում է ռուսերենով։

 

Հիշեցնենք, որ այս գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ 

 

Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: Նշենք, որ այս գործով կալանքի տակ է միայն Ռոբերտ Քոչարյանը։

 

Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի նկատմամբ, որպես փախանման միջոց է ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Խաչատուրովի նկատմամբ՝ գրավը։

 

Քաղաքականություն

Պատահարներ