Վերաքննիչ դատարանը վարույթ չի ընդունել Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործով վերաքննիչ բողոքը

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը վարույթ չի ընդունել Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի կողմից ներկայացված բողոքը։ Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։

 

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը 2018 թվականի սեպտեմբերի 17-ին քաղաքացիական հայց էր ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու եւ հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջով։ Հայցադիմում ներկայացնելու առիթը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն է՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի վերաբերյալ: 

Երեւան քաղաքի դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանի հունիսի 24–ի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործի վարույթը կարճվել է՝ հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով։ Դատարանը միաժամանակ որոշել է հայցվորից հօգուտ պատասխանողի որպես դատական ծախսերի փոխհատուցում բռնագաձանձել 200 հազար դրամ։ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը, սակայն չէր համաձայնվել դատական ծախսերի հետ և այդ հիմքով բողոք էր ներկայացրել Վերաքննիչ դատարան։

Քաղաքականություն

Պատահարներ