Կարեն Վարդանյանն առաջին հայն է, որն արժանացավ «Eminent Persons Award» մրցանակին

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կողմից ստացել է «Ականավոր մարդկանց մրցանակ» («Eminent Persons Award»)՝ արձանագրելու նրա  երկարամյա անգնահատելի ավանդը հայկական տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում:

 

«Ականավոր մարդկանց մրցանակ» տրվում է այն անհատներին, որոնք նշանակալի ու խորքային ավանդ են  ունեցել մարդկանց կյանքը բարելավելու ուղղությամբ։ Հատկանշական է, որ մրցանակակրին որոշելիս պարտադիր պայման չէ, որ վերջինիս գործունեությունը կապված լինի տեխնոլոգիական ոլորտի հետ:

 

Այս հեղինակավոր մրցանակին տարբեր տարիների արժանացել են Նելսոն Մանդելան, Մայք Լազարատիսը, համացանցի ստեղծման ակունքներում կանգնած Ռոբերտ Խանն ու Վինտոն Սերֆը:

 

ՏՏ ոլորտում Կարեն Վարդանյանի 30-ամյա գործունեության արդյունքում իրականացվում են մի շարք աչքի ընկնող ու արդեն հիմնարար դարձած նախագծեր, ինչպիսիք են՝ ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսն ու «Արմաթ» կրթական նախագիծը։ Վերջինիս շնորհիվ Հայաստանի, Արցախի և Վրաստանի տարածքում գործում են 280-ից ավելի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ ավելի քան 7500 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։

 

Նշենք, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքն ամեն տարի անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգների համաշխարհային համաժողովի հիմնադիրն է: ՏՏԾՀԴ-ի անդամներն են ավելի քան 80 երկրներ ու ասոցիացիաներ, որոնք կազմում են աշխարհի ՏՏ շուկայի ավելի քան 90 տոկոսը։ Երևանում համաժողովին մասնակցում է ավելի քան 4000 մասնակից 70 երկրից։

 

Քաղաքականություն

Պատահարներ