ԱԱԾ-ին դեռ չի հաջողվել կապ հաստատել Հրայր Թովմասյանի հետ

Ազգային անվտանգության ծառայությանը դեռեւս չի հաջողվել կապ հաստատել Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանի հետ: Այդ մասին մեզ հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից: 

Նախօրեին ԱԱԾ-ից հայտնել էին, որ նյութերը նախապատրաստող ստորաբաժանման ղեկավարը նախապես փորձել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի միջոցով կապ հաստատել անձամբ ՍԴ նախագահի հետ՝ նրանից, իր օգնականից եւ ընտանիքի անդամներից բացատրություն ստանալու օրը, ժամը եւ վայրը համաձայնեցնելու նպատակով, սակայն նա զանգերին չի պատասխանել եւ կապի դուրս չի եկել, որից հետո, սահմանված կարգով, ուղարկվել են ծանուցագրեր։ 

Հիշեցնենք, որ այս գործով արդեն բացատրություններ են տվել Հրայր Թովմասյանի հայրը, դուստրերը: 

Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ 2012-2014 թթ. ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնված Երեւան քաղաքի Զաքյան փողոցի համար 2 հասեցով շենքի՝ շուրջ 855 մլն դրամ արժեքով վերակառուցման շինարարական աշխատանքների իրականացման, ինչպես նաեւ Աբովյան ՔԿՀ եւ Սարի թաղում գտնվող միջնակարգ դպրոցի շուրջ 15 մլն դրամ արժեքով վերանորոգման ընթացքում թույլ տրված առերեւույթ յուրացումների եւ չկատարված աշխատանքները պաշտոնատար անձանց կողմից ընդունելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նախապատրաստվող նյութերի շրջանակներում տվյալներ են ստացվել նշված շինարարական աշխատանքները իրականացրած ընկերության ներկայացուցչի կողմից պաշտոնատար անձին անհատույց շինանյութ հատկացնելու եւ շինարարական աշխատանքներ կատարելու վերաբերյալ, որի հետ կապված նաեւ բացատրություն է ստացվել ՍԴ նախագահի հորից՝ Վարդան Թովմասյանից:

 

 Բացի այդ, վերջինիս առաջարկվել է նյութերով նշանակված դատաշինարարատեխնիկական եւ դատաապրանքագիտական համալիր փորձաքննության շրջանակներում փորձագետներին թույլատրել հետազոտել իրենց պատկանող առանձնատան տանիքը, ինչը սակայն, նրա կողմից մերժվել է:

Քաղաքականություն

Պատահարներ