«Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանի մեքենան վնասողներին հայտնաբերել են

Իրավապահները հոկտեմբերի 29-ին, բերման ենթարկել 2 քաղաքացու՝ Երեւան քաղաքի բնակիչներ, 39-ամյա Էրիկ Եսայանին եւ 30-ամյա Հարություն Մուրադյանին:

 

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վերջիններս բերման են ենթարկվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից՝ գողություն կատարելու կասկածանքով: Նրանցից Հ. Մուրադյանը ոստիկանությունում խոստովանել է, որ հոկտեմբերի 22-ին Ազգային ժողովի հարեւանությամբ գտնվող Դեմիրճյան փողոցում ինքն է ԱԺ պատգամավոր Քրիստինե Պողոսյանի ավտոմեքենայի կողային ապակին կոտրել եւ ավտոմեքենայի սրահից գողացել պատգամավորի պայուսակը:

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Հ. Մուրադյանն ու Է. Եսայանը բաց են թողնվել:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 22-ին հերթական հետապնդումն էր տեղի ունեցել Ազգային ժողովի պատգամավոր Քրիստինե Պողոսյանի նկատմամբ: Ք. Պողոսյանը, ով «Իմ քայլը» դաշինքից ընտրված պատգամավոր է, իր Mini cooper մակնիշի 018 HH 11 համարանիշի ավտոմեքենան կայանել էր Դեմիրճյան փողոցում՝ Ազգային ժողովի շենքի հարեւանութամբ, թույլատրելի հատվածում եւ որոշ ժամանակ անց դուրս գալով ԱԺ-ից, իր ավտոմեքենան հայտնաբերել էր վնասված:

 

Անհայտ անձը կամ անձինք վնասել էին պատգամավորի ավտոմեքենայի ապակիները ու հեռացել:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ պատգամավորի ավտոմեքենան նման վիճակի են հասցնում:

Քաղաքականություն

Պատահարներ