Գյումրիի Տիգրան Մեծ փողոցի բնակիչները թույլ չեն տալիս շարունակել մայթերի ասֆալտապատումը. Shantnews.am

Գյումրիի Տիգրան Մեծ փողոցի բնակիչները թույլ չեն տալիս ավարտին հասցնել մայթերի ասֆալտապատումը: Իսկ պատճառը 110 մետր քառակուսի տարածք զբաղեցնող չօգտագործվող տաղավարն է, որը տեղադրված է մայթի վրա: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։

 

Բնակիչները պահանջում են տաղավարը հեռացնել և հետո նոր շարունակել ասֆալտապատումը, իսկ շինարարը շտապում է իր գործն ավարտին հասցնել: Այսօր բնակիչները դարձյալ շինարարին արգելել են շինտեխնիկան մոտեցնել տաղավարին հարող մայթին։ Բողոքող բնակիչների հետ հանդիպման է եկել Գյումրիի քաղաքապետը, նա նշել է, որ տաղավարի ապամոնտաժման հայցը քննվում է դատարանում, և մինչ վճռի կայացումն իրավունք չունեն այն տեղափոխել:

Քաղաքապետն առաջարկել է բնակիչներին թույլ տալ ասֆալտապատել մայթը, որպեսզի փողոցը շահագործման հանձնվի: Իսկ, եթե դատարանը վճռեց տաղավարը հեռացնել, այդ ժամանակ քաղաքապետարանը կստանձնի տաղավարի զբաղեցրած տարածքի ասֆալտապատումը: Բնակիչները, սակայն, չեն համաձայնել և շարունակում են տաղավարի ապամոնտաժումը  պահանջել։

 

Տաղավարը պատկանում է Գյումրիի բնակիչ Արամ Մանուկյանին, որը, ըստ քաղաքապետարանի, զբաղեցրած տարածքի նկատմամբ սեփականության իրավունք չունի, իսկ տաղավարի շահագործման թույլտվության ժամկետը վաղուց  լրացել է։

Քաղաքականություն

Պատահարներ