Նպաստում ենք նրան, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում առկա խնդիրները լուծվեն. Լավրով

Ռուսաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավմանը: Այդ մասին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: 

 

«Մենք ամեն կերպ նպաստում ենք նրան, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում առկա խնդիրները լուծվեն: Մենք ամենաակտիվ կերպով նպաստել ենք, այսպես կոչված, ցյուրիխյան արձանագրությունների կնքմանը, չնայած որ զգուշանում էինք դրանց մեծ նշանակություն տալուց և այն հաշվարկներից, որ դրանք կարող են իրականանալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից անկախ»,- նշել է Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ:

 

ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ չնայած հայ-թուրքական արձանագրությունների ցավալի ճակատագրին, Մոսկվան պատրաստ է օգտագործել իր հնարավորությունները հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար, սակայն դրա համար երկու կողմերն էլ պետք է շահագրգռված լինեն:

 

«Մենք ոչ մի հիմք չենք տեսնում ենթադրելու, որ ինչ-որ մեկը պատերազմ կսկսի այս երկրների միջև, բայց ամեն դեպքում մենք անում ենք ամեն ինչ, որ այստեղ խաղաղություն և փոխշահավետ համագործակցություն հաստատվի»,- ավելացրել է ՌԴ արտգործնախարարը:

 

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել էր 2008 թվականին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ: 2008 թվականի սեպտեմբերի 6-ին այն ժամանակվա Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ ժամանեց Երևան՝ Հայաստանի և Թուրքիայի հավաքականների ֆուտբոլային հանդիպումը համատեղ դիտելու: Տեղի ունեցավ երկու երկրների նախագահների հանդիպումը Երևանում, որը լայնորեն լուսաբանվեց համաշխարհային մամուլում: Այս այցը ստացավ «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը: Սերժ Սարգսյանն էլ իր հերթին Գյուլի հրավերով 2009 թվականի հոկտեմբերի 14-ին մեկնեց Թուրքիա՝ հավաքականների պատասխան խաղը դիտելու:

 

Հենց 2009 թվականի հոկտեմբերին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները ստորագրեցին արձանագրություններ՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և երկկողմ հարաբերությունները զարգացնելու մասին, որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն 2010 թվականի ապրիլի 22-ին Սերժ Սարգսյանը հրաման ստորագրեց կասեցնելու հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը՝ նշելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը:

 

2018 թվականի մարտի մեկին Սերժ Սարգսյանը չեղարկեց արձանագրությունները: Նա նշեց, որ Հայաստանն ամեն ինչ արեց, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցը չթողնի գալիք սերունդներին, սակայն Անկարան ոչ մի քայլ չարեց արձանագրությունների վավերացման և ուժի մեջ մտնելու համար:  

 


 

Քաղաքականություն

Պատահարներ