Հրշեջ–փրկարար Սամվել Դևելյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով

Հրշեջ– փրկարարը պարգևատրվել է ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության և խիզախության համար։

 Վանաձոր քաղաքի հյուսիսային հատվածում` Բազումի լեռնաշղթայում,հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ զոհված հրշեջ–փրկարար Սամվել Դևելյանը ՀՀ նախագահի հրամանով հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով։

 

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

 

Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության և խիզախության համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, փրկարարական ծառայության շարքային Սամվել Վարդանի Դևելյանին հետմահու պարգևատրել Արիության մեդալով»,–ասված է Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրում:

 

Հիշեցնենք՝ Լոռու մարզում` Բազումի լեռնաշղթայի անտառներում, հոկտեմբերի 25–ին բռնկված խոշոր հրդեհը մարելու ժամանակ 2 հրշեջ- փրկարար այրվածքներ էին ստացել։ Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ հանկարծ քամի էր սկսվել, ու կրակը տղաներին շրջապտույտի մեջ էր վերցրել։ Նրանցից մեկը` 22-ամյա հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանը, մահացել էր։ Նա, ի դեպ, Ապրիլյան պատերազմի մասնակից էր:Հրշեջ-փրկարար 27-ամյա Էդգար Գրիգորյանը ծանր այրվածքներ էր ստացել:Նա Վանաձորի բժշկական կենտրոնից տեղափոխվել էր Երևանի ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն: Տուժածի մոտ առկա էր մարմնի մակերեսի 40% այրվածք:

 

Քաղաքականություն

Պատահարներ