Նազիկ Ավդալյանի մասին ֆիլմ է նկարահանվում

Լրագրող, ռեժիսոր Սուրեն Արեենցը պատրաստվում է ֆիլմ նկարել ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի մասին: Լրագրողը մտահղացման մասին դեռևս օրեր առաջ տեղեկացրել էր ֆեյսբուքի իր էջի միջոցով, երեկ էլ հայտնի դարձավ՝ մտահղացումը իրականություն է դառնում, նկարահանման աշխատանքներն արդեն մեկնարկվում են ու շուտով էկրանին կհայտնվի «Կնոջ ուժը» խորհրդանշող նախագիծը:

 

«Ճիշտն ասած, այսպիսի նախագծի մտահղացում վաղուց կա, որի միջոցով կներկայացնենք ոչ միայն մեր հայ սպորտսմենուհիներին, այլև՝ թագուհիներին, ովքեր կնոջ ուժի հրաշալի մարմնացումներ են: Վերջին շրջանում համացանցում մեծ ակտիվություն նկատեցինք, հանրությունը մտահոգվում է, որ մեր մյուս մարզուհիների մասին ֆիլմ չի նկարվում: Ես էլ մտածեցի, որ այդ մտահոգությունը տեղին է, այո՛, կարելի է անել ֆիլմ Նազիկ Ավդալյանի մասին, ում մեջ խտացված են ընտանիքը, ուժեղ կինն ու սպորտը», - Aysor.am-ի հետ զրույցում նշել է Սուրեն Արեենցը:

 

Ռեժիսորն ընդգծում է՝ այս ամենի մեջ որևէ մեկը թող քաղաքական ենթատեքստ չփնտրի, ֆիլմն էլ ի հակադրություն «Մել» ֆիլմի չի ստեղծվում: Իրենք որևէ միտում չունեն մյուս ֆիլմին դեմ ֆիլմով ներկայանալու: Ուղղակի իրենց աշխատանքով ցույց են տալու հայ կնոջ կերպարը, ով կարող է լինել ուժեղ, կամային հատկություններով, միաժամանակ՝ ունենալ ընտանիք՝ ամուսին ու երեխաներ:

 

Նազիկ Ավդալյանի հետ Սուրեն Արեենցը դեռ չի հանդիպել, բայց թեմայի շուրջ համացանցի միջոցով զրուցել է: Ասում է՝ նկարահանումների ժամանակ նրա ներկայությունը մշտապես պարտադիր չի լինելու, քանի որ ֆիլմը փաստագրական է:

 

«Ցավոք, այս պահին նա փոքր-ինչ առողջական խնդիր ունի: Մի քանի օրից, երբ ապաքինվի, անպայման կհանդիպենք: Չեմ կարծում, որ որևէ խնդիր ծագի, նա այն հազվադեպ բաց, հասանելի սպորտսմեններից է, ովքեր միշտ սիրով են մասնակցել բոլոր նկարահանումներին… Ամեն դեպքում, առաջին արձագանքը դրական էր, սցենարն իրեն ուղարկելուց հետո էլ կքննարկենք», - նշել է Արեենցը:

 

Ֆիլմը կնկարահանվի իր իսկ հիմնադրած «Areents Production»-ի միջոցներով, նաև այն մարդկանց օգնությամբ, ովքեր կցանկանան նպաստել այս ֆիլմի ստեղծմանը: Շեշտում է՝ միջոցները չպետք է մարդուն կաշկանդեն, գաղափարը, եթե լավը եղավ, աջակիցներ կհայտնվեն:

 

«Նախնական ամբողջ ֆինանսավորումը կհոգա իմ ընկերությունը, որպեսզի թիմը հավաքվի: Համացանցում էլ շատերն են իրենց աջակցությունը հայտնել: Ես բաց եմ համագործակցության համար. կսկսեմ ռեժիսորական աշխատանքները, բայց եթե թիմը առաջարկի այլ ռեժիսորի, ով ինձանից ավելի լավ կանի այդ գործը, սիրով իմ տեղը կզիջեմ իրեն: Այս պահին ռեժիսորի առաջարկ չկա, բայց կա առաջարկ սցենարիստի կողմից, նաև՝ մի քանի ընկերություններ պատրաստ են անվճար տեխնիկա տրամադրել… Գիտեք, եթե թվերով խոսենք, բնականաբար, ֆիլմը մեծ ֆինանսներ է պահանջում, բայց, եթե սպասենք այդ ֆինանսներին՝ Հայաստանում ֆիլմ չի նկարահանվի: Լիահույս ենք, որ աջակիցներ կհայտնվեն, բայց միևնույն է՝ այս ֆիլմը նկարահանվելու է, անկախ նրանից՝ ներդնողներ կլինե՞ն, թե՞ ոչ: Ու լինելու է ոչ թե ֆիլմ, որը մի քանի հոգով հավաքվելու ու նայելու համար է, այլ ֆիլմ, որը աշխարհին ներկայանալու համար է», - շեշտել է նա:

 

Սուրեն Արեենցը պատրաստվում է նաև ԿԳՄՍ նախարարություն դիմել՝ նախագծի համար պետական ֆինանսավորում ստանալու նպատակով:

Քաղաքականություն

Պատահարներ