Նման հանցագործությունը չի կարող ունենալ որևէ արդարացում. Կաթողիկոս

Խոր ցավով տեղեկացանք նոյեմբերի 11-ին Սիրիայի Կամիշլի բնակավայրում տեղի ունեցած ահաբեկչության մասին, որի հետևանքով սպանվել են հայ կաթողիկե համայնքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Հովսեփ քհն. Պետոյանը և նրա հայրը, ինչպես նաև վիրավորվել է նրանց ուղեկցող սարկավագը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը։

 

«Նման հանցագործությունը չի կարող ունենալ որևէ արդարացում: 21-րդ դարը պիտի լինի ժամանակաշրջան, որ աշխարհի բոլոր ծագերում տարբեր ազգերի ու կրոնների խաղաղ գոյակցությունը այլընտրանք չունենա, որ թե՛ նախկին և թե՛ ներկայիս կատարված հանցագործությունները ստանան իրենց արդար գնահատականը՝ հանուն խաղաղ ու ստեղծագործ կյանքի հաստատման:

 

Խստորեն դատապարտելով աստվածաստեղծ կյանքի դեմ հանցավոր ցանկացած ոտնձգությունը` Մեր աղոթքն ենք մատուցում Երկնավորին` Արժ. Տ. Հովսեփ քհն. Պետոյանի և նրա հոր հոգիների խաղաղության ու հանգստության համար և մեր վշակցությունը բերում նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում մաղթում վիրավոր սարկավագին»,- գրել է Կաթողիկոսը: 

Քաղաքականություն

Պատահարներ