Իրանում անկարգությունների հետևանքով մի քանի իրավապահ է մահացել

Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին տեղեկացրել է, որ բենզինի թանկացման դեմ ցուցարարների կազմակերպած անկարգությունների հետևանքով մահացել է մի քանի իրավապահ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

 

«Ցավոք, անկարգություններ են տեղի ունեցել նաև վերջին մի քանի օրերին: Իրավապահ մարմինների մի քանի աշխատակիցներ հարձակման են ենթարկվել և զոհվել»,- ասել է Ռաբիին մամուլի ասուլիսի ընթացքում:  

 

Հիշեցնենք, որ Իրանում ընթացող բողոքի ակցիաների ընթացքում արդեն 27 մարդ է մահացել:

 

Նշվում է, որ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Իրանի 93 քաղաքում: Ցուցարարներն այրել են Քերեջ քաղաքի բանկերը: Խոշոր անկարգություններ են տեղի ունենում նաև Թեհրանում և Ղոմում:

 

Իրանի կառավարությունը որոշում է կայացրել բարձրացնել բենզինի գինը 50 տոկոսով, ինչը հանգեցրել է զանգվածային բողոքի ակցիաների, որոնք սկսվել են նոյեմբերի 15-ին: Իշխանություններն ակցիաները ցրելու համար դիմում են ծայրահեղ քայլերի: Երկրի մեծ մասում անջատված է համացանցը:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ