Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե ինչու չի մեկնել Ադրբեջան

«Ռոմա»-ի կիսպաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է՝ ինչպես է ստացվել, որ չի կարողացել մեկնել Ադրբեջան: 2018-19 մրցաշրջանում նրա նախկին թիմը՝ «Արսենալ»-ը, հասել էր Եվրոպա լիգայի եզրափակիչ, որտեղ պետք է մրցեր լոնդոնյան մեկ այլ թիմի՝ «Չելսի»-ի դեմ:

 

 Եզրափակիչը Բաքվում էր, և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագը չկարողացավ գնալ ու օգնել իր խաղընկերներին, քանի որ հարևան երկիրը չապահովեց նրա անվտանգությունը: Մխիթարյանի հետ այս թեմայով խոսել է հեղինակավոր Four Four Two պարբերականը: 

 

Հարցազրույցից մի հատված համացանցում տարածվել էր  մի քանի օր առաջ, այժմ կան նաև այլ մանրամասներ: Ֆուտբոլիստը պատասխանել է նաև Անգլիայում անցկացրած իր ժամանակի, նախկին մարզիչների մասին հարցերին, պարզաբանել է՝ ինչո՞ւ է հեռացել Լոնդոնից:

 

– Ինչպե՞ս եք զգում Հռոմում:

– Շատ լավ: Ակումբն ու քաղաքը մեծ պատմություն ունեն: Եղանակը նման է Հայաստանի եղանակին, այնտեղ մեզ մոտ տարվա ընթացքում 300 օր արև է: Մարդիկ էլ նման են իմ համերկրացիներին՝ զվարճալի են, հեգնանքով և նմանատիպ մենթալիտետ ունեն: Հետևաբար ես ինձ լավ եմ զգում, սակայն այստեղ որպես զբոսաշրջիկ չեմ եկել: Այստեղ եմ, որպեսզի օգնեմ «Ռոմա»-ին արդյունքների հասնել:

 

– 7 լեզվով եք խոսում: Ինչպե՞ս է ընթանում 8-րդը սովորելը:

– Կանգ առա վնասվածք ստանալուց հետո, որպեսզի կենտրոնանամ և ավելի արագ ապաքինվեմ, սակայն ազատ ժամանակ փորձում եմ լավացնել իտալերենս: Դժվար է, բայց չպետք է անհարմար զգաս սխալներ անելիս, առանց սխալների հաջողության չես հասնի:

 

– Ինչպե՞ս սկսվեցին բանակցությունները «Ռոմա»-ի հետ:

– Գործակալս տրանսֆերի մասին ինձ պատմեց սեպտեմբերի 1-ին: Քանի որ կորցնելու բան չունեի «Արսենալ»-ը թողնելով, ասացի՝ այո՛: Երջանիկ եմ, որ այստեղ եմ:

 

– Ինչպե՞ս կգնահատեք Անգլիայում անցկացրած ժամանակը:

– Պրեմիեր լիգայում խաղալն իմ երազանքն էր, և ես իրականացրի այն: Ես անցկացրեցի որոշ լավվ և որոշ ոչ այնքան լավ խաղեր, և դա նորմալ է: Դժվար է կայուն խաղ ցուցադրել, երբ երբեմն խաղում ես, երբեմն՝ ոչ, քանի որ այդպես այնքան էլ լավ չես հասկանում՝ ինչ է կատարվում: «Մանչեստեր Յունայթեդ»-ի հետ մենք հաղթեցինք «Եվրոպա լիգայում»: Այնտեղ բարդ էր, որովհետև 25 խաղացող կար, և բոլորը ցանկանում էին խաղալ: Հիանալի ժամանակաշրջան էր, բայց ես ցանկանում էի ավելի շատ խաղալ, հետևաբար տեղափոխվեցի «Արսենալ»:

 

– Որքանո՞վ էր բարդ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների պատճառով «Եվրոպա լիգայի» եզրափակիչը բաց թողնելը:

– Դա իմ 2-րդ եզրափակիչն էր «Եվրոպա լիգայում»: Պատկերացրեք, որ խաղացողը երբեք չի խաղացել եզրափակչում ու չի կարողանում գնալ քաղաքական պատճառներով: Շատ ցավալի է: Չեմ կարող ասել, որ կարող էի փոխել հաշիվը, որը 4:1 էր, բայց շատ վատ էի զգում: Տանը նայում էի հանդիպումը ու չէի կարող օգնել: Չեմ ցանկանա, որ ուրիշ ֆուտբոլիստների հետ նման բան լինի:

 

– Ադրբեջանի իշխանությունները վստահեցնում էին, որ այնտեղ ապահով էր եւ կարող էիք խաղալ:

– Դե, դա այդպես չէր առաջին անգամ, երբ իմ թիմը խաղաց ադրբեջանական թիմի դեմ: Մի անգամ Դորտմունդի «Բորուսիա»-ն խաղաց «Գաբալա»-ի դեմ, ևս մեկ խաղ էլ տեղի ունեցավ «Արսենալ»-ի ու «Քարաբա»-ի միջև: Այդ 2 խաղերի համար ես Ադրբեջան գնալու թույլտվություն չստացա, հետո չգիտես՝ ինչպես նրանք ասացին, որ «Եվրոպա լիգայի» եզրափակչի համար թույլատրում են: Բայց ես չեմ ցանկանում խոսել այս մասին, քանի որ շատ բաներ կան, որոնք մարդիկ չեն հասկանա: Ինձ իսկապես ցավ պատճառեց այն, որ զրկվեցի ֆուտբոլ խաղալու հնարավորությունից:

 

– Մյուս խաղերի համար էլ թույլ չտվեցի՞ն Ադրբեջան գնալ:

– Եկեք չխոսենք այդ մասին:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ