Ընդդիմություն պետք է, բայց ոչ Սերժ Սարգսյանը ու Ռոբերտ Քոչարյանը. Ալեն Սիմոնյան

Հայաստանի նախկին իշխանություններն իրենց վատ են դրսևորել, նրանց հեռանալն ուղեկցվել է սկանդալով, և հետդարձի ճանապարհ չկա։ Այս մասին Երևանում ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։

 

Նա վստահ է, որ առաջիկա տասը տարիներին նախկին թիմի ներկայացուցիչներից ոչ մեկն իշխանություն վերադառնալու շանս չունի։ Հասարակությունում տարբեր կերպ են վերաբերվում գործող իշխանությանը` թե՛ դրական, թե՛ բացասական։ Բայց, ինչպես նշեց Սիմոնյանը, գրեթե բոլորը միակարծիք են մի հարցում` նախկին իշխանությունների համար հետդարձի ճանապարհ չկա։

 

Պատասխանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին հարցին` փոխխոսնակը հայտարարեց, որ նրա կողմնակիցները նրա երկու–երեք աշխատողներ են, որոնց կարելի է անուններով նշել և ընտանիքի անդամները։

 

«Եթե ցերեկով ճրագի լույսով ամբողջ հանրապետության տարածքով Քոչարյանի կողմնակիցներ փնտրել, ապա լավագույն դեպքում կարելի է գտնել հազար, երկու հազար հոգու», – նշեց նա։

 

Ավելի լավ են ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի գործերը։ Ալեն Սիմոնյանը հիշեցրեց, որ վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սարգսյանի կուսակցությունն ամբողջ երկրում հավաքել է 57 հազար ձայն։ Համեմատության համար նա նշեց, որ ինքն անձամբ 22 հազար ձայն է հավաքել Երևանի երկու վարչական շրջաններում։ Հետևությունները թողեց զրուցակիցներին։

 

«Իհարկե, մեզ պետք է ընդդիմություն։ Առանց ուժեղ ընդդիմության իշխանությունը թույլ կլինի։ Բայց մարդիկ նրանց (Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին` խմբ.) ընդդիմություն չեն համարում, որովհետև նրանք ոչ մի կապ չունեն հայ ժողովրդի հետ։ Վերջին 5 տարիների ընթացքում նրանք հնարավորություն ունեին անել այն ամենը, ինչի մասին հիմա խոսում են։ Սակայն նրանց մեծամասնությունը խառնված է տարբեր կոռուպցիոն սխեմաներում», – նշեց փոխխոսնակը։

 

Քաղաքական գործիչն ընդգծեց, որ վարչապետ Փաշինյանի գլխավորած կառավարության հասցեին հանդիմանություններ են հնչում, թե այն չափազանց մեղմ է նախկին իշխանությունների հանդեպ, սակայն իրենք չեն կարող գործել անօրինական մեթոդներով։ Իրենք երբեք չեն բացի այց «Պանդորայի տուփը»։

 

Քաղաքականություն

Պատահարներ