Ստամբուլի քաղաքապետի նոր նշանակումը աղմուկ է բարձրացրել իշխանամետ մամուլում

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) կուսակցության անդամ, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի նոր նշանակումը աղմուկ է բարձրացրել իշխանամետ մամուլում, գրում է ermenihaber.am-ը:

 

Իմամօղլուն քաղաքապետարանում խորհրդական է նշանակել տարբեր հարցերում իշխանության հանդեպ սուր քննադություններով հայտնի, Հայոց ցեղասպանությունը ճանաչող Զեյնեփ Թանբային: Իշխանամետ կամ աջ ուղղվածություն ունեցող մի շարք լրատվամիջոցներ «սկանդալային» են որակել այս նշանակումը ու ներկայացրել անցյալում տարբեր հարցերում իշխանություններին ուղղված Թանբայի սուր քննադատություններից մի քանիսը:

 

Մասնավորապես Էրդողանի խոսափող համարվող «Sabah» թերթի կայքը հիշեցրել է, որ Թանբայը 2016-ին միացել է Ստամբուլում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին ու մեջբերել այդ առիթով սոցցանցում նրա արած գրառումը.

«Պետությունը պետք է ներողություն խնդրի, փոխհատուցում տրամադրի, ետ վերադարձնի հայերին պատկանող պետականացված գույքերը ու քաղաքացիություն տրամադրի նրանց»:

 

Աղբյուրը հիշեցրել է նաև, որ մի առիթով Թանբայն ասել էր, որ ոչ ոք իրեն չի կարող ստիպել կրկնել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի ավանդած կարգախոսը՝ «Երջանիկ է նա, ով ասում է` ես թուրք եմ»:

Թամբայը բազմիցս սուր քննադատություններ է հնչեցրել նաև քրդերի նկատմամբ Թուրքիայի իշխանությունների վարած քաղաքականության հասցեին:

Քաղաքականություն

Պատահարներ