Ես փաստացի եմ խոսում, ոչ թե հաճոյանում եմ․ Գագիկ Ծառուկյանը՝ Սուքիասյանի հայտարարության մասին

«Ես փաստացի, դոկումենտալ եմ խոսում, ոչ թե հաճոյանում եմ, ուզում եմ գովաբանել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով գործարար, իր խնամի Խաչատուր Սուքիասյանի այն հայտարարությանը, թե կռուպցիայի վերացումն արդեն իսկ տնտեսական հեղափոխություն է, ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

 

Հիշեցնենք՝ Սուքիասյանը նշել էր, որ չի կիսում Ծառուկյանի տեսակետը։ 

 

«Ես իմ կարծիքն ունեմ, պարոն Ծառուկյանն իր կարծիքն ունի: Եթե պարոն Ծառուկյանն ասում է, որ խնդիրներ կան, պետք է դրանցով զբաղվեն, որ այդ խնդիրները չլինեն: Ես պետք է իմանամ, թե խոսքը որ ճյուղերի մասին է: Եթե խոսքը նրա մասին է, որ հողի կատեգորիա պետք է փոխվի, դա արդեն ուրչիշ ինստիտուտ է»-,- լրագրողների հետ զրույցում ասել էր նա։ 

 

Ծառուկյանը հավելեց, որ բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը չեն արվում. «Այս տարվա բյուջեում 400 մլն դոլար դրված էր կապիտալ ծախսեր, որ պետք է դնեին, ոլորտներ զարգացնեին, 5-10 տոկոս աճ լիներ, բանկում դրած է տոկոսներով: Դրսից վարկ են բերում, իսկ էստող փողը դրած է բանկում: Կապիտալ ծախսեր չեն արել, տարել, դրել են բանկում, էդպես ո՞նց կարա տնտեսական հեղափոխություն լինել»:

 

Ծառուկյանը խոսել է նաև ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքի նախագծի մասին։ 

«Եթե մարդուն փաստացի չեն կարողանում մեղադրել իր կատարած գործի անարդարության, իր լճացման համար, այլ առաջարկում են գումար վճարել, որ չաշխատելով այդ գումարից մարդ օգտվի, դա աբսուրդ է: Եթե մարդ չի համապատասխանում տվյալ աշխատանքին, ապա նրան պետք է հեռացնել աշխատանքից, ոչ թե առաջարկեն թոշակի գնալ: Այդպիսի առաջարկ աշխարհում ընդունված չէ, չի՛ կարելի»,- ասաց ԲՀԿ առաջնորդը։ 

Քաղաքականություն

Պատահարներ