Պաշտպանը միջնորդեց վերացնել Յուրի Խաչատուրովի սահմանահատման վրա դրված արգելանքը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդություն ներկայացրեց Խաչատուրովի ազատ տեղաշարժման խախտված իրավունքի վերականգնելու եւ նրա սահմանահատման վրա դրված արգելանքը վերացնելու մասին:

 

Միհրան Պողոսյանը հիշեցրեց՝ Խաչատուրովի նկատմամբ ի սկզբանե ընտրվել է խափաման միջոց կալանավորումը, սակայն կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց գրավը, եւ սահմանված 5 միլիոն դրամը մուծելուց հետո նա ազատ է արձակվել: Պաշտպանի խոսքով՝ իրենք վարույթն իրականացնող մարմնին տեղեկացրել էին, որ Խաչատուրովը հանդիսանում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը եւ այդ դեպքում խափանման միջոց կիրառվելուց հետո նա մեկնել էր ՌԴ, սակայն ՀԱՊԿ խորհրդի որոշմամբ նոյեմբերի 2-ին զբաղեցրած պաշտոնից ազատվելուց հետո կրկին առանց խոչընդոտ վերադարձել է ՀՀ:

 

Պաշտպանն ընդգծեց, որ այդ ժամանակ, փաստորեն, խափանման միջոցի կիրառման արդյունքում սահմանահատման արգելք չի եղել. «Ընդ որում, ՀՀ օրենսդրությամբ՝ սահմանահատման արգելք կարող է կիրառվել միայն այն անձանց նկատմամբ, ում նկատմամբ կիրառվել է չհեռանալու մասին ստորագրություն, եւ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման համաձայն էլ՝ խափանման միջոց գրավի դեպքում կիրառվել չի կարող: 

 

Սակայն երբ հունիսի 8-ին իմ պաշտպանյալը, անձնական անհրաժետությունից ելնելով, փորձել է հատել հայ-վրացական սահմանը, ԱԱԾ սահմապահ ուժերը թույլ չեն տվել նրան դուրս գալ ՀՀ-ից»:

Միհրան Պողոսյանի խոսքով՝ գործում առկա էլ չէ վարույթն իրականացնող մարմնի կողմից սահմանահատումների արգելք կիրառելու մասին փաստաթուղթ. «Հունիսի 4-ին դիմել էինք Ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով վերացնել այն, ինչին ի պատասխան՝ դատարանը հունիսի 6-ին Քրեական հետախուզության վարչության պետին հասցեագրված գրությամբ հայտնել էր, որ արգելք կիրառված լինելու դեպքում այն ենթակա է վերացման»:

 

Պաշտպանը նշեց, որ օգոստոսի 9-ին դիմել է ԱԱԾ տնօրենին եւ Ոստիկանության պետին՝ պարզաբանման համար: ԱԱԾ քննչական դեպարտամենտից իրեն պատասխանել են՝ ասելով, որ սահմանահատման վրա արգելանք դրվել է քննչական ծառայության նախաձեռնությամբ՝ հունիսի 6-ին, այսինքն՝ նույն օրը, երբ դատարանը գրույամբ հայտնել էր, որ արգելքը ենթակա է վերացման: 

 

Ոստիկանության քրեական հետախուզույան վարչության պետի գրության համաձայն էլ՝ Խաչատուրովի տեղաշարժը վերահսկվել է, քանի որ նա հանդիսանում է ամբաստանյալ. «Կարող է թվալ, թե տրված գրության բովանդակությունը անփութության կամ օրենքի չիմացության արդյունք է, սակայն այն, որ դատարանը նման թույլտվություն տվել էր հունիսի 6-ին, եւ որ նույնն օրն էլ արգելք է սահմանվել, հանգեցնում այն հետեւության, որ որոշ պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց պաշտոնական լիազորությունները: Ակնհայտ է, որ որոշ պաշտոնատար անձանց կողմից անօրինական կարգով կիրառված է եղել արգելք, եւ նրանք, չունենալով այդպիսի լիազորություն, անցել են իրենց լիազորությունները եւ արգել ենք սահմանել, իսկ հետագայում մի շարք այլ պաշտոնատար անձինք, ունենալով դատարանի գրություն՝ վերացնելու այն, չեն իրականացնել»:

 

Պաշտպանը միջնորդեց նաեւ ՍԵԿՏ համակարգի շահագործողներից պահանջել արգելքի կիրառման հիմնավորումների պատճենները:

Նշենք, որ միջնորդություն ներկայացնելիս Միհրան Պողոսյանի ինքնազգացողությունը վատացավ, նիստը ընդմիջվեց, ապա որոշ ժամանակ անց շարունակվեց:

Քաղաքականություն

Պատահարներ