Փոխնախարարը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. պաշտպան

ՀՀ ԿԳՄՍ նախարարության սպորտի գծով փոխանախարար Գեւորգ Լոռեցյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է նրա պաշտպանը՝ Լեւոն Սահակյանը: Նշենք, որ Լոռեցյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:

«Իմ պաշտպանյալը մեղքը չի ընդունել, համաձայն չէ առաջադրված մեղադրանքի հետ, ապավինում է Հայաստանի Հանրապետության արդարադատությանը եւ հուսով է, որ օբյեկտիվ քննության արդյունքում կվերականգնվի իր բարի համբավը»,- լրատվականի հետ զրույցում ասել  է պաշտպանը:

Օրեր առաջ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր նախաքննական մարմնի միջնորդությունը եւ երկու ամսով կալանավորել Գեւորգ Լոռեցյանին: Ի պատասխան լրատվամիջոցի հարցին՝ պաշտպանն ասել է, որ դատարանի այս որոշումը բողոքարկելու են Վերաքննիչ դատարան: «Պարզապես հորդորում եմ բոլորին հարգել անմեղության կանխավարկածի սկզբունքը»,- հավելել է Լեւոն Սահակյանը: 

 

Մեր հարցին, թե կալանավորման միջնորդության քննարկման ժամանակ գրավի միջնորդություն ներկայացրել էին, պաշտպանը դրական պատասխան  է տվել, սակայն չի ասել, թե ինչ չափի գրավի մասին է խոսքը: 

Քաղաքականություն

Պատահարներ