Երեւանի քաղաքապետարանի 2 աշխատակցի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել. NEWS. am

Քաղաքապետարանում կորոնավիրուսի հաստատված 2 դեպք կա, 2-ն էլ գրանցվել է նախորդ շաբաթ։ Այս ամսին այսօր՝ հունիսի 1-ին, NEWSam-ի հետ զրույցում ասել է Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Իոսիֆ Կուբատյանը՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե քաղաքապետարանում տասնայակ աշխատակիցներ կան, որոնց հարազատների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, սակայն ո՛չ պատշաճ ախտահանվում են աշխատասենյակները, ո՛չ էլ թեստավորում են հնարավոր շփում ունեցողներին։

 

«Նրանք խոցելի խմբում չեն, բոլոր այն աշխատակիցները, որոնք վտանգավոր խմբում են, աշխատանքի չեն գալիս։ Պարետատան կողմից սահմանված բոլոր կանոները պահպանվում են, ախտահանվում են աշխատասենյակները, բոլոր աշխատակիցները պարտադիր դիմակներ եւ ձեռնոցներ են կրում, չնչ ցուցում, որ կա, քաղաքապետարանում խստորեն պահպանում են»,- լրատվականին ասաց նա։

 

Հարցին, որ մամուլը գրում է, որ վարակվածներից մեկը քաղաքապետ Հայկ Մարությանի քարտուղարուհին է, եւ որ նա օգտվել է քաղաքապետարանի աշխատակիցներին հատկացված ավտոբուսից, արդյոք տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, Կուբատյանը պատասխանել է․ «Անձնական տվյալներից ելնելով, չեմ կարող հրապարակել վարակվածների անունները եւ նրանց ով լինելը։ Կանոնները խստորեն պահպանվում է նաեւ ավտոբուսներում, ախտահանվում են, մարդիկ կրում են դիմակներ, ինչպես հանրային տրանսպորտի ավտոբուսներն են աշխատում, այնպես էլ քաղաքապետարանի ավտոբուսները, ոչ մի տարբերություն»։

Քաղաքականություն

Պատահարներ