Կարող ենք քաղաքացիներին կոչ անել կրել բացառապես գործարանային արտադրության դիմակներ. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով դիմակներին, ասաց, որ դրանց վերաբերյալ իրենց պաշտոնական ուղերձը փոխվել է:

«Այսօր առավոտյան, միջազգային լրատվությանը հետևելով, արձանագրեցի, որ աշխարհի նույնիսկ գերզարգացած երկրներ կան, որ նոր հիմա ամբողջական դիմակների հետ կապված ուղերձը փոխում են։Ես արձանագրեցի, որ այդ գերզարգացած երկրներից մեկի ղեկավարը բավականին երկար ժամանակ սկզբունքորեն հակառակն է ասել դիմակների հետ կապված և այսօր պաշտոնապես արձանագրել է, որ, այո, ընդունում է, որ դիմակները լինեն պարտադիր և կրվեն»,-ասաց նա։

Նա ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանից հետաքրքրվեց դիմակի գներից և հարցրեց, թե ճիշտ է արդյոք, որ դիմակների գների անկում ունենք։ «Այո, պարոն վարչապետ, միանշանակ ճիշտ եք։ Բայց հիմա մի ուրիշ խնդիր ունենք։ Ներկրված դիմակները, քանի որ մի քանի ամիս առաջ են ներկրվել, թանկ են ներկրվել, իսկ տեղական դիմակները 60 դրամ են, հիմա ունենք դիմակների պրոֆիցիտ, այսինքն ավելի շատ դիմակ ունենք, քան վաճառվում է։ Հայաստանից դիմակների արտահանում արդեն կատարվել է ՝ 60 դրամով, մյուս խմբաքանակի համար ևս հայտարկվել է»,-ասաց նա:

Գեղամ Գևորգյանը նշեց, որ հիմա երկու խնդրի առաջ ենք կանգնած։ «Առաջինը, եթե չենք թույլատրելու դիմակների արտահանումը, ապա տնտեսվարողները ստիպված են լինելու վնասով ավելի էժան գներով վաճառել, իսկ եթե թողնում ենք, ապա գինը մնում է կայուն՝ 60 դրամ տեղականը և մի փոքր ավելի թանկ դրսից ներկրվածը։ Նոր խմբաքանակը սպասվում է մոտ մի քանի ամսից, որ ավելի կէժանանա»,-ասաց նա։

Արձագանքելով՝ վարչապետը նշեց. «Հասկանալով դիմակների գների բարձր լինելը՝ մենք ասացինք, որ նրանք, ովքեր հնարավորություն ունեն, թող գործարանային արտադրության դիմակներ կրեն, իսկ ովքեր չունեն, կարող են տնային պայմաններում կարված դիմակներ կրեն։ Հիմա մենք ունենք գնանկում և ունենք պրոֆիցիտ, հիմա կարող ենք անցնել երրորդ փուլին, մեր բոլոր քաղաքացիներին կոչ անել կրել բացառապես գործարանային արտադրության դիմակներ։Այսօր, երբ նայում ենք շուկայում դիմակների սպառման ծավալները, տեսնում ենք, թե երկրում ամեն օր քանի դիմակ է սպառվում ու մեզ համար պարզ է, որ մեր քաղաքացիների մեծամասնությունը գործարանային դիմակ չի կրում, թեև մենք ասել ենք, որ գործարանային արտադրության դիմակները շատ ավելի օգտակար են»:

 

Քաղաքականություն

Պատահարներ