Մենք պատրաստ ենք հանդես գալ որպես չեզոք միջնորդ՝ «Կարմիր խաչ»-ը սահմանի լարված իրավիճակի մասին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) իր մտահոգությունն է հայտնում ս․թ․ հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ուժգնացած մարտական գործողությունների մարդասիրական ազդեցության առնչությամբ։ Նման իրավիճակը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում սահմանամերձ համայնքների բնակչության համար՝ սահմանափակելով նրանց ապրուստի միջոցների հասանելիությունը։

 

 ԿԽՄԿ-ն հայտնում է իր մտահոգությունը հակամարտության կողմերին՝ հիշեցնելով ռազմական գործողություններին անմիջականորեն մասնակցող և քաղաքացիական անձանց միջև մշտապես տարբերակելու անհրաժեշտության մասին։ 

 

«Կոչ ենք անում կողմերին հարգել միջազգային մարդասիրական իրավունքի կանոնները և մարտական գործողություններ իրականացնելիս ապահովել նախազգուշացման բոլոր միջոցները՝ խնայելու քաղաքացիական անձանց կյանքը և ապահովելու ենթակառուցվածքների, այդ թվում՝ դպրոցների, բնակելի և բժշկական շինությունների անվտանգությունը», - նշել է տարածաշրջանում ԿԽՄԿ գործառնությունների տնօրեն Մարտին Շյուպը։ - «Մենք պատրաստ ենք հանդես գալ որպես չեզոք միջնորդ ու աջակցել վերջին լարվածության հետևանքով տուժածներին»։ 

 

ԿԽՄԿ-ն գործում է տարածաշրջանում 1992 թ․-ից ի վեր՝ Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ։ Բաքվում և Երևանում գտնվող իր պատվիրակությունների միջոցով ԿԽՄԿ-ն աջակցում է հայ-ադրբեջանական սահմանին կից բնակվող համայնքներին։ Բացի այդ, ԿԽՄԿ-ն աշխատանքներ է տանում՝ անհայտ կորածների ճակատագրերը պարզելու և նրանց ընտանիքներին աջակցելու ուղղությամբ, ինչպես նաև այցելում է ազատազրկված անձանց և հանդես է գալիս որպես չեզոք միջնորդ՝ աջակցելով ազատ արձակվող անձանց արտահանձմանն ու հայրենադարձմանը։

ԿԽՄԿ պատվիրակություն

Քաղաքականություն

Պատահարներ