Կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում պետք է օրինակ վերցնել Նոր Զելանդիայից. ԱՀԿ տնօրեն

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը խորհուրդ է տվել երկրներին օրինակ վերցնել Նոր Զելանդիայից կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի հարցում:

Նրա խոսքով՝ Մեկոնգ գետի հովտում գտնվող մի շարք երկրներ, Կարիբյան ծովի բազմաթիվ կղզի-պետություններ, ինչպես նաև Ռուանդան և Նոր Զելանդիան կարողացել են վաղ փուլում հաղթահարել վիրուսի տարածումը:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարն ասում է, որ «երբեք ուշ չէ» վերահսկել կորոնավիրուսի համավարակը

«Այս շաբաթ աշխարհում COVID-19 զոհերի թիվը կարող է հասնել 750 000-ի, իսկ գրանցված հիվանդության դեպքերի թիվը՝ 20 միլիոնի: Այս վիճակագրության հետևում մեծ ցավ է և ողբերգություն: Յուրաքանչյուր կյանք արժեքավոր է: Ես գիտեմ, որ ձեզանից շատերը դժվար պահեր են վերապրում: Բայց ես ուզում եմ հստակ ասել, որ վիճակը բարելավելու հույսեր կան և անկախ երկրից, տարածաշրջանից, քաղաքից կամ բնակավայրից, երբեք ուշ չէ կանգնեցնել համավարակը»,- ասել է ԱՀԿ ղեկավարը, հայտնում է Ամերիկայի ձայն-ը: 

 

Ելույթ ունենալով Ժնևում կայացած ճեպազրույցին ՝ Թեդրոս Գեբրեյեսեսն ասաց, որ անգամ համավարակի արագ տարածման պարագայում, հնարավոր է վերահսկողության տակ առնել այն՝ կիրառելով համապատասխան ուղեցույցներ:

 

«Մեր տրամադրության տակ գտնվող ամբողջ գործիքակազմի և ընդունված ուղեցույցների օգտագործումը կարևոր է հիվանդության տարածումը կանխելու համար, որը կհանգեցնի անվտանգ վերաբացմանը: Նույնիսկ այն երկրներում, որտեղ տարածումը մեծ է, հնարավոր է այն առնել վերահսկողության տակ ՝ կիրառելով համընդհանուր ընդունված կանոններ»,-նշել է նա:

Նա նշեց, որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան, Հարավային Կորեան, Իսպանիան, Իտալիան և Միացյալ Թագավորությունը ունեցել են համավարակի մեծ տարածում, սակայն կարողացել են վերահսկողության տակ առնել իրավիճակը:

Ըստ Ջոնս Հոփկինսի համալսարանի կորոնավիրուսային կենտրոնի տվյալների, աշխարհում հիվանդների թիվն այսօր մոտենում է 20 միլիոնի, իսկ մահացության դեպքեր ը՝ 750 հազարի:

Միացյալ Նահանգներում ներկայումս հաստատված դեպքերի թիվն անցել է 5 միլիոնը:

Քաղաքականություն