Չնայած Politik. am-ին չի հաջողվել գտնել հարցերի պատասխանները, այնուամենայնիվ Արթուր Մանուկյան Ա/Ձ-ն գրանցված է. Infocom

Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, Politik.am-ը հրապարակել է հոդված, որտեղ ներկայացված է, թե Անկախության օրվա առթիվ մշակութային միջոցառումների կազմակերպման համար 43 միլիոն դրամ է տրամադրվել մի ընկերության, որի մասին տեղեկություն գտնելը անհնար է, եւ որ ընկերությունը աշխատակիցներ չունի։ Հոդվածի վերջում կայքը հանգել է եզրակացության, որ «Արթուր Մանուկյան» Ա/Ձ-ի հետ կնքված գործարքը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, ինչի մասին կառավարող ուժը պարտավոր է բացատրություն տալ։  Այս մասին գրում  է Infocom-ը: 

Հոդվածում, մասնավորապես, նշվում է, թե պետական ռեգիստրի պաշտոնական կայքում առկա 30-ից ավելի «Արթուր Մանուկյան» Ա/Ձ-ներից եւ ոչ մեկի ՀՎՀՀ-ն (հարկ վճարողների հարկային համար) չի համապատասխանում պայմանագրում առկա ՀՎՀՀ-ին։ Բացի այդ՝ Politik.am-ը «Արթուր Մանուկյան» Ա/Ձ-ի մասին փորձել է տեղեկություններ գտնել նաեւ tender-monitoring.am հարթակից, որը, ի տարբերություն armeps.am եւ petekamutner.am համակարգերի, պաշտոնական չէ, եւ կայք մուտք գործելիս էլ առաջարկվում է տվյալները համաձայնեցնել վերոնշյալ պետական կայքերի հետ։ «Արթուր Մանուկյան» Ա/Ձ-ի աշխատակիցների մասին տեղեկություն ստանալու համար էլ Politik.am-ն օգտվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի 1000plus.am կայքից եւ եկել այն եզրահանգման, որ հիշյալ Ա/Ձ-ն չկա պետռեգիստրի պաշտոնական կայքում եւ չունի աշխատակիցներ, քանի որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում չկա կատարված վճարում։ 
Չնայած Politik.am-ին չի հաջողվել գտնել հարցերի պատասխանները, այնուամենայնիվ Արթուր Մանուկյան Ա/Ձ-ն գրանցված է իրավաբանական անձանց ռեգիստրում։ Այն գրանցվել է 2020 թվականի հունվարի 17-ին։ Ա/Ձ-ի հիմնադիրը պրոդյուսեր Արթուր Մանուկյանն է։ Պետեկամուտների կոմիտեի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նշված Ա/Ձ-ի իրավաբանական հասցեն Նեկրասովի փ․ 12 է, իսկ ԱՁ-ն զբաղվում է կինո և տեսաֆիլմերի, հեռուստատեսային ծրագրերի արտադրությամբ։ 

Արթուր Մանուկյանն այս տարի վարչապետի աշխատակազմի հետ կնքած պայմանագրի համաձայն իրականացրել է Անկախության օրվա կապակցությամբ մշակութային միջոցառումների կազմակերպման եւ սպասարկման ծառայությունների մատուցում, այդ թվում՝ «Մեր ժամանակների հերոսը» ամենամյա մրցանակաբաշխության միջոցառման կազմակերպում։ 

Լրատվամիջոցը կապ հաստատեց պրոդյուսեր Արթուր Մանուկյանի հետ, որը մեր զրույցում նշեց՝ անցած տարի եւս մասնակցել է Անկախության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառումներին․ «Անցյալ տարի անկախության օրվան նվիրված միջոցառումները կազմակերպել էր Հանրային հեռուստատեսությունը եւ ինձ հետ կնքել էին պայմանագիր․ ես՝ որպես ռեժիսոր, գնացել եւ իմ ծառայությունն եմ մատուցել»։ 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: 

Քաղաքականություն

Պատահարներ