Ի՞նչ թաքուն գործարք պետք է լինի, ասենք՝ Արցախը պետք է ծախե՞նք. Դավիթ Բաբայան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում ընդունել է Արցախի ԱԺ-ի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը։ Փաշինյանի կողմից արված որոշ հայտարարութուններ քննարկումների առիթ են տվել։ Նա, մասնավորապես, նշել է․ «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում»: Համացանցում քննարկվում է, թե այդ ի՞նչ տեղեկություններ նկատի ուներ Փաշինյանը և ենթադրում են, թե արտահայտությունը վերաբերում է երեկ Հաքին․ազի տարածած տեղեկությանը, ըստ որի՝ ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը գաղտնի հանդիպում է կազմակերպել Փաշինյանի և Ալիևի միջև։ 

 

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Պահպանողական կուսակցության առաջնորդ Դավիթ Բաբայանն ասել է՝ չի կարծում, թե Փաշինյանը դա նկատի ուներ․ «Ամեն դեպքում, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հանդիպումները  կազմակերպվում են եռանախագահության մասնակցությամբ, նրանց գաղտնի, թաքուն բաներ անելու իմաստը ո՞րն էր, չեմ հասկանում։ Եթե բանակցային գործընթաց կա և տարիներ շարունակ գործող ձևաչափ՝ ինչի՞ համար պետք է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպեին այլ ձևաչափով։ Դրա մեջ տրամաբանություն չկա ո՛ չ քաղաքական, ո՛ չ բարոյական տեսանկյունից»,- ասաց նա։

 

Փաշինյանն իր ելույթում ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ տվեց չտարածել կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ, քանի որ եթե սկսկեն այդպիսի քայլեր անել, ապա դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն կապակայունանա։ Հետաքրքրվեցինք՝ արդյոք սա չի՞ նշանակում, որ նա չհերքեց ադրբեջանցիների կողմից տարածած տեղեկությունը և միաժամանակ փորձեց վախեցնել Ալիևին սեփական կոմպրոմատով, Բաբայանը պատասխանեց. «Ընդհանուր առմամբ, եղել են տարբեր մոտեցումներ հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Հիշենք, երբ մի անգամ Ալիևը նույնիսկ հայտարարեց, թե իրեն ճնշում են, որ Արցախը ճանաչի։ Միգուցե նման մի բան է ասել Ալիևը, որովհետև այն ինչ ասում է Ադրբեջանը, բնական է, որ հակամարտության փիլիսոփայության մեջ չի տեղավորվում և չի կարող հակամարտության կարգավորման համար հիմք լինել»։ 

 

Անդրադառնալով խոսակցություններին, թե Փաշինյանի և Ալիևի միջև ստվերային գործարնքներ են տեղի ունենում՝ Բաբայանն ասաց՝ ավելի քան համոզված է, որ դա չի համապատասխանում իրականությանը․ «Այդ ի՞նչ թաքուն գործարք պետք է լինի, ասենք՝ Արցախը պետք է ծախե՞նք։ Եթե Արցախի մազը ծռվի, պարզ է, որ դա մեր պետականության ու պատմության վերջը կլինի։ Չեն կարող լինել գաղտնի պայմանավորվածություններ, ցանկացած գաղտնի գործարք, հատկապես Ադրբեջանի պես երկրի հետ, ուշ թե շուտ հայտնի է դառնում հանրությանը։ Ինչ տեղեկություն, որ տարածում է Հաքին․ազը, մենք դրան չպետք է հավատանք որպես ճշմարտություն։ Եթե կան համանախագահներ` ի՞նչ կապ ունի Խառատյանը։ Այսինքն՝ շրջանցենք ԱՄՆ-ի՞ն, Ֆրանսիայի՞ն, Ռուսաստանի՞ն, ինչի՞ համար, ումի՞ց ենք ինչ թաքցնում, այսինքն` կողմերը կարող են գալ ընդհանուր հայտարարի` շրջանցելով եռանախագահությո՞ւնը, դա անհնարին է»,- լրատվամիջոցի հետ այսպես է եզրափակել զրույցը Դավիթ Բաբայանը։

Քաղաքականություն

Պատահարներ