Խոցվել է հակառակորդի շուրջ 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա, իսկ անձնակազմի շրջանում արձանագրվել է ավելի քան 400 անվերադարձ կորուստ

Արցախի տեղեկատվական շտաբում քիչ առաջ տեղի է ունեցել Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի ասուլիսը: Արթուր Սարգսյանը ամենավերջին տեղեկություններն է ներկայացրել շփման գծում տիրող իրավիճակից:

«Այս պահի դրությամբ շարունակվում են մարտական գործողությունները հյուսիսային, հարավային և հարավ-արևելյան  ուղղություններով։ Մարտական գործողությունների ինտենսիվությունն ու բարձր դինամիկան պահպանվում է ժամանակակից համազորային մարտին բնորոշ, ես կասեի՝ տեղ-տեղ, ժամ առ ժամ ավելանում և աճում է»,- ասաց նա։

Նշված ուղղություններում ՊԲ-ի ստորաբաժանումները մղում են պաշտպանական համառ մարտեր՝ կասեցնելով հակառակորդի գերազանցող ուժերի, այդ թվում նաև մարդկանց մեծաքանակ խոշոր զրահատանկային շարունակական առաջխաղացման փորձերը կասեցնելով՝ պատճառելով նրան կենդանի ուժի և  զրահատեխնիկայի զգալի կորուստներ։

«Այսօրվա դրությամբ, ժամը 17-ի սահմաններում, արձանագրվել է հակառակորդի հետևյալ կորուստները․ շուրջ 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա և 400-ից ավել անվերադարձ կորուստ անձնակազմի մոտ»,- ասաց Արթուր Սարգսյանը։

Երկօրյա համառ մարտերը բնավ չեն ընկճել մեր անձնակազմին,-ընդգծեց ՊԲ հրամանատարի տեղակալը։

«Ընդհակառակը՝ այդպիսով արցախյան բանակի երիտասարդ սպաները և զինվորները ձեռք են բերում մարտական գործողությունների վարման հարուստ փորձ և հմտորեն տիրապետում են մարտավարական նոր հնարքների։ Անձնակազմի մարտական ոգին բարձր է և պատրաստ է կատարելու հետագա առաջադրված բոլոր խնդիրները և հասցնելու իր տրամաբանական հաղթանակին։ Մենք ուժեղ ենք՝ քան երբևիցե, քանի որ մեզանից յուրաքանչյուրը գիտակցում է, որ նժարին դրված է հայ ժողովրդի՝ արցախյան հատվածի ֆիզիկական գոյության հարցը։ Միանշանակ, թե՛ թիկունքային, թե՛ տեխնիկական և առավել ևս, թե՛ մարտական ապահովման առումով, ոչ մի խնդիրներ ՊԲ-ը չունի»,- վստահեցրեց Արթուր Սարգսյանը։

Նա կոչ արեց օգտվել միայն պաշտոնական տեղեկատվությունից և զերծ մնալ ոչ հավաստի աղբյուրներից տարածված ոչ պաշտոնական տեղեկատվական նյութերից՝ խուճապային տրամադրությունից հեռու մնալու տեսանկյունից։

 

Քաղաքականություն

Պատահարներ