Վաղաժամ է խոսել պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման մասին. Անդրանիկ Քոչարյան

Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցը 97 էջից բաղկացած, մեծամասնության կողմից հաստատված ուղարկվել է ԱԺ նախագահին: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Դրանից հետո, եթե համապատասխան մարմինները տեսնեն քրեորեն հետապնդելի արարքներ կամ բացթողումներ, բնականաբար, դա կունենա հետևանք: Ես անձամբ այնտեղ տեսնում եմ թերություններ, որոնք պետք է վերացված լինեին 2016 թվականի քառօրյա պատերազմից անմիջապես հետո»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավոր է այս պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծվի, ասաց, որ վաղաժամ է այդ մասին խոսել, տարբեր առաջարկներ կան: «Ես ասում եմ, որ դա բերելու է քաղաքականացման և չքաղաքականացման լավագույն մեխանիզմը նախ ինչ-որ պահ դադար վերցնելն է և դավաճաններ չփնտրելն է»,-ասաց նա:

Ըստ նրա՝ Երևանում այնպիսի տպավորություն է, որ գիտակցում չկա, որ հակառակորդի կողմից ստացել ենք սանձազերծված պատերազմ, և այդ պատերազմի արդյունքում կրել ենք պարտություն: «Մեր պահանջները բանակից, զինվորականներից այնպիսինն են, որ գիտեք ինչ, էս ինչ եք անում, էս ոնց եք այսինչ գյուղի մասին խոսում»,-ասաց նա:

Նա նշեց, որ թող գեներալները ներկայացնեն, թե ինչ միջոցներով են իրենց առանձնատները ձեռք բերել: «Նրանք բոլորն էլ` 14 գեներալներն էլ մասնակից են եղել մեր առաջին պատերազմի հաղթանակների կերտմանը, դա հեշտ չի եղել, բայց չեմ ուզում մեղավորներ ման գալ, թող ամեն մեկը մտածի այս պատերազմն ինչու չդարձավ Սարդարապատ»,-ասաց նա և ավելացրեց՝ երբ խոսում ենք Շուշիի, Հադրութի մասին, այնպիսի շեշտադրումներով ենք խոսում, որ կարծեք՝ մենք կանոնավոր բանակը մեր ձեռքով ուզում ենք դարձնել ֆիդայական ջոկատներ:

Քաղաքականություն

Պատահարներ