Covid19-ի դեմ պայքարում իրականացված աշխատանքներն ուսումնասիրող հանձնաժողովը սկսում է գործունեությունը. Արկադի Խաչատրյան

2020 թվականին «Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ իրավունքի ուժով ստեղծվել է նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու, վիրուսի դեմ պայքարը, համավարակի հետևանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, արտակարգ դրության ժամանակ մարդու իրավունքների սահմանափակման դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը: Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, այդ հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը:
Նա հայտնեց, որ քննիչ հանձնաժողովի ձևավորումը հետաձգվեց, սակայն հունվարի 12-ին ԱԺ նախագահի կարգադրությամբ հաստատվել է քննիչ հանձնաժողովի կազմը, և հանձնաժողովը ստանում է իր լիազորությունները և սկսում գործունեությունը:

Արկադի Խաչատրյանը կոչով դիմեց հանրությանը՝ աջակցել հանձնաժողովին: «Ուզում եմ հույս հայտնել, որ մեր քննիչ հանձնաժողովը կգործի կառուցողական, գործընկերային միջավայրում, կդրսևորի քաղաքական կամք: Մեր բոլոր այն գործընկերներին, որոնք մտահոգություններ են հայտնում տվյալ քննիչ հանձնաժողովի գործունեության հնարավոր անարդյունավետության վերաբերյալ կոչ եմ անում ընդգրկվել հանձնաժողովի աշխատանքներում և սեփական արդյունավետ աշխատանքով ցույց տալ, թե ինչպիսին պետք է լինի քննիչ հանձնաժողովի անդամը»,-ասաց նա:

Քաղաքականություն

Պատահարներ