Կադիրովը հայտնել է Չեչնիայում վերջին ընդհատակյա հանցախմբի ոչնչացման մասին

Չեչնիայի հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է հանրապետությունում վերջին ընդհատակյա հանցախմբի ոչնչացման մասին: Այս մասին նա գրել է իր տելեգրամյան պաշտոնական ալիքում:
«Ներքին գործերի նախարարության ոստիկանության հատուկ գնդի աշխատակիցները բարեհաջող հատուկ գործողություն են իրականացրել Կատար-Յուրտի ծայրամասերում, որն ավարտվել է Ասլան Բյուտուկաևի ավազակախմբի ոչնչացմամբ՝ 6 մարդ, որոնք գտնվել են դաշնային հետախուզման մեջ: Այդպիսով, հանրապետությունում ընդհատակյա հանցախմբերն ամբողջությամբ վերացվել են»,- մանրամասնել է նա:
Կադիրովը հայտնել է նաև, որ հատուկ գործողությունը ծրագրված է եղել վաղուց, և ինքն անձամբ է մասնակցել ծրագրի մշակմանը:
«Բյուտուկաևի հանցախմբի բոլոր վեց զինյալները տեղում ոչնչացվել են, ոչ մեկին չի հաջողվել փախչել: Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից Չեչնիայի Հանրապետությունում կարգուկանոնը վերականգնելու և ահաբեկիչներին վերացնելու խնդիրը լուծել ենք: Բյուտուկաևի գլխավորությամբ բոլոր հետախուզման մեջ գտնվողներ զինյալները ոչնչացվել են»,- գրել է Կադիրովը:
Հանրապետության ղեկավարը հավելել  է նաև, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հենց սկզբից տեղյակ է եղել հատուկ գործողության անցկացման մասին:
«Նա անձամբ է կատարել ճշգրտումներ և հանձնարարել գործողությունն իրականացնել հնարավորինս արհեստավարժ՝ առանց անձնակազմի կորուստների: Ես անձամբ եմ զեկուցել նախագահին ավազակախմբի հաջող ոչնչացման մասին: Վլադիմիր Պուտինը շնորհավորել է մեզ հաջող հատուկ գործողության կապակցությամբ և առանձին գովաբանել է Ախմաթ-Խաջի Կադիրովի անվան ոստիկանության գնդի աշխատակիցներին՝ հանցախմբի ոչնչացման ընթացքում նրանց արհեստավարժության և հերոսական գործողությունների համար»,- ամփոփել է նա:

Քաղաքականություն