Մերկասառույցի պատճառով ՀՀ ՊՆ УАЗ մակնիշի ավտոմեքենան հայտնվել է ձորում. վիրավորները ՊՆ ծառայողներ են

Այսօր՝ հունվարի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում УАЗ մակնիշի ավտոմեքենան Քաջարան քաղաքի վարչական տարածքի՝ ժողովրդին հայտնի «Արջի» արձանի հարևանությամբ, ճանապարհին առկա ձյան ու մերկասառույցի պատճառով՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 60 մետր սահելով, հայտնվել ձորում։ 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեքենայում գտնվող 50-ամյա Կարեն Կարապետյանը, 42-ամյա Համբարձում Թովմասյանը և 61-ամյա Ռոման Արծրունովը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափովել «Կապան» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։ 

 

 Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ УАЗ մակնիշի ավտոմեքենան հաշվառված է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում։ Հիվանդանոց տեղափոխվածներն էլ ՀՀ ՊՆ ծառայողներ են։ 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ