Այսօր քննադատության ենք արժանանում, բայց չպե΄տք է վհատվել. Օնիկ Գասպարյանի հայտարարությունը

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ, որում ասվում է․ 

«Հարգելի΄ զինակից ընկերներ, 

Այսօր մեր զինված ուժերի կազմավորման 29-ամյակն է: Յուրաքանչյուրիս համար պատ­մական նշանակություն ունեցող այս օրը մենք նշում ենք դառնության զգացումով, բայց մեր սրտերը լցված են նաեւ հպարտությամբ: 

2020թ. սեպտեմբերի 27-ին զինված ուժերը պատվով ընդունեցին նետված մարտա­հրավերը եւ 44 օր հերոսաբար դիմակայելով` կատարեցին իրենց առջեւ դրված մարտական խնդիրները` մարտնչելով բազմակի անգամ գերազանցող թշնամու ուժերի դեմ եւ պատ­ճա­ռելով նրան մեծաթիվ կորուստներ: 

Այս անհավասար պայքարում հայկական զինուժը, ցավոք, նույնպես կրեց անդառ­նա­լի կորուստներ, բայց հակառակորդը դեռ երկար է հիշելու մեր զինվորի ու սպայի վճռակա­նությունը, տոկունությունը, խիզախությունը, մինչեւ վերջ պայքարելու անկոտրում կամքն ու անմնացորդ նվիրումը: 

Մարտի դաշտում մեր զինակից ընկերները հրաշքներ էին գոր­ծում` իրենց անունները ոսկե տառերով գրելով հայոց պատմության էջերում: Հայոց բանակի զին­վորի ու սպայի սխրանքը երբեք չի մոռացվի, մեր ժողովուրդն արժանվույնս է գնահատելու իր հերոս զավակներին: 

Այսօր հաճախ քննադատության ենք արժանանում, բայց չպե΄տք է վհատվել: Հասկանում ենք, որ մեզանից սպասում էին առավելը... Մեր հայրենակիցներն անսահման հավա­տով էին լցված Հայոց բանակի հանդեպ եւ կարող եմ ամենայն պատասխանատվու­թյամբ բարձրաձայնել` մենք մինչեւ վերջ հավատարիմ մնա­ցինք տրված երդմանն ու կա­տա­րեցինք պետության, ժողովրդի առջեւ մեր սրբազան պարտքը: 

Շնորհակա΄լ եմ Ձեզ ազգի պատիվը բարձր պահելու եւ անօրինակ սխրանքների համար: 

Բանակն ընկճվելու իրավունք չունի΄. զինվորը, սպան, գեներալը գլուխը կարող է խոնարհել միայն մեր զոհված ընկերների սուրբ հիշատակի եւ նրանց հարազատների առջեւ, եւ այժմ` առավել քան երբեւէ, բանակը վստահության եւ համակողմանի աջակցության կարիք ունի: 

Որքան էլ դժվար է ու բարդ, մենք շարունակում ենք կատարել հայրենիքի պաշտպանության սուրբ գործը` կազմակերպելով մարտական հերթապահություն նոր բնագծերում, ձեռնարկելով գործուն միջոցներ բանակի մարտունակության վերականգնման ուղ­ղությամբ: 

Վստա΄հ եմ, որ 2021 թվականը բանակի համար մարտական կարողությունների ավելացման նոր էջ է բացելու: 

Իսկ հուսահատվածներին, մեր հանդեպ վստահությունը կորցրածներին, տար­բեր ուժե­րի կողմից մեզ քննադատողներին, երբեմն նաեւ բացահայտ վի­րավո­րող­ներին հավաս­տիացնում եմ` հայոց բանակն արագ ապաքինվելու է ստացած վերքերից եւ ցույց է տալու թշնա­­մուն իր բազկի ուժը: 

Միշտ պետք է հիշենք` թշնամին մեր տան դարպասների մոտ է եւ չի հրաժարվել հայկական օջախներն ավերելու նենգ մտադրությունից: 

Բանա΄կն է այն ուժը, որ կարող է ու պարտավոր է ամուր կանգնել ու կասեցնել թշնամու ոտնձգությունները. ոչ ոք մեր փոխարեն դա չի անելու: 

Այս սուրբ օրը շնորհավորե΄նք միմյանց Բանակի օրվա կապակցությամբ եւ խոստանա΄նք մեր զոհված ընկերներին, որ շարունակելու ենք նրանց անավարտ գործը, ջանք չենք խնայելու եւ ամենօրյա քրտնաջան աշխատանքով հզորացնելու ենք բանակն ու ան­զիջում պայքար ենք մղելու մեր ազգային եւ պետական շահերը պաշտպանելու համար: 

Համոզված եմ, որ Հայոց բանակը փառավոր հաղթանակներ դեռ շատ է ունենալու` հավատարիմ մնալով հայ զինվորական լավագույն ավանդույթներին: 

Շնորհավո΄ր տոնդ, Հայոց բանակ: 

Հավերժ փա˜ռք հայրենիքի համար նահատակված մեր ընկերներին»:

Քաղաքականություն

Պատահարներ