Նյու Դելիում Իսրայելի դեսպանատան մոտ այսօր տեղի ունեցած պայթյունը կարող է ահաբեկչական գործողություն լինել

Նյու Դելիում Իսրայելի դեսպանատան մոտ այսօր տեղի ունեցած պայթյունը կարող է ահաբեկչական գործողություն լինել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյաների հայտարարությունները։

Իսրայելցի պաշտոնյան, որը խոսել է անանունության պայմանով, Reuters գործակալությանը հայտնել է, որ «թեև զոհեր չեն եղել, Հնդկաստանը և Իսրայելում պայթյունը որակում են որպես ահաբեկչական գործողություն»:

Իր հերթին, Իսրայելի պետական Kan ռադիոն, հղում անելով Իսրայելի և Հնդկաստանի աղբյուրներին, տեղեկացրել է, որ միջադեպը մեկնաբանվում է որպես «անվտանգության ոլորտում միջադեպ, որն ուղղված է Իսրայելի դեսպանատանը»: Նշվում է, որ ամբողջ աշխարհում Իսրայելի դեսպանատներում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։

Ավելի վաղ NDTV հեռուստաալիքը, վկայակոչելով ոստիկանության աղբյուրները, հայտնել էր, որ այսօր Նյու Դելիի կենտրոնում՝ Իսրայելի դեսպանատան մոտ, պայթյուն է տեղի ունեցել: Հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյունի պատճառ կարող էր դառնալ ոչ մեծ հզորության ինքնաշեն պայթուցիկ սարքը: 

Նշվում է նաև, որ պայթյունը տեղի է ունեցել Վիջայա-Չոուկ հրապարակից երկու կիլոմետր հեռավորության վրա, որտեղ երկրի նախագահ Ռամ Նաթ Քովինդը, վարչապետ Նարենդրա Մոդին և կառավարության այլ բարձրաստիճան անդամներ հավաքվել էին Հնդկաստանի Հանրապետության օրվա առթիվ տոնակատարությունների ավարտին նվիրված տոնական արարողությանը:

Քաղաքականություն