Օրվա լրահոս

«ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ, Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինին հարց ուղղեցինք՝ ինչո՞ւ է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Հայաստանի ԶՈԻ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունը համարում ռազմական հեղաշրջման փորձ, դատապարտում այն և իր աջակցությունը հայտնում Նիկոլ Փաշինյանին, իսկ ՌԴ-ն հայտարարում է, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի ներքին գործն են։ 

Պարոն Զատուլինն ի պատասխան ծիծաղեց, հարցը կոչեց հռետորական ու ավելացրեց․ «Ռուսաստանն ու Թուրքիան տարբեր կերպ են վերաբերվում Հայաստանին և, հետևաբար, տարբեր կերպ են մեկնաբանում այն, ինչ կատարվում է։ ՌԴ պաշտոնական իշխանությունները չէին ցանկանա ներքաշվել, միջամտել Հայաստանի ներքին գործերին՝ որևէ մեկին  առիթ չտալու համար մեղադրել Ռուսաստանին, որ մենք օգտագործում ենք մեր ազդեցությունը, նաև՝ ներկա, արցախյան հարցում միջնորդի մեր դերը, Հայաստանի հետ մեր փոխհարաբերությունները՝ ինչ-ինչ գործընթացների վրա ներազդելու համար։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա, իմ դիտարկմամբ ու համոզմամբ, Թուրքիան, ինչ էլ որ հրապարակավ ասի, շահագրգռված չէ, որպեսզի Հայաստանն ուժեղանա, ոտքի կանգնի, այդ պարտությունից հետո մեջքն ուղղի։ Դուք՝ ինքներդ անձամբ որոշեք, թե ինչու է այս ամենում ոչ շահագրգռված Թուրքիան պաշտպանում այն վարկածը, որը տարածում է Հայաստանի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանը, իմ գնահատմամբ՝ միանգամայն մերկապարանոց»։ 

Կոնստանտին Զատուլինն այս կապակցությամբ ավելացրեց․ «Եվ այս պարագայում իմ և շատ-շատերի մոտ տպավորություն է, որ պարոն Փաշինյանը պարզապես «պերսոնա գրատա» է Թուրքիայում։ Մարդ, որին թուրքերը Հայաստանի իշխանությունում պահպանելու մեծագույն ցանկություն ունեն»։ 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի բանակի ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարությունից հետո սեփական նախաձեռնությամբ զանգել էր Վլադիմիր Պուտինին։ Այն երկրի ղեկավարին, որի ռազմարդյունաբերության պարծանք «Իսկանդերի» մասին ասել էր, թե այն որակյալ չէ՝ միայն տասը տոկոսով է պայթել։ Իսկ խոսակցությունից հետո, նորից մանր «շուստրիությամբ», որն առաջին անգամ չէ, որ Փաշինյանն անում է, խեղաթյուրել էին հեռախոսազրույցի բովանդակությունը։  

Մասնավորապես, իր ու Պուտինի հեռախոսազրույցների մասին ՀՀ պաշտոնական ու Կրեմլի կայքերում տեղադրված հաղորդագրություններում էական տարբերություններ կային։  
Լրագրողները, ինչպես ասում են, «գտան տասը տարբերություն»։ Հայաստանյան տարբերակում ասվում է․ «Երկու երկրների ղեկավարները քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Նախագահ Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին և հույս հայտնել իրավիճակի շուտափույթ կարգավորման կապակցությամբ»: Իսկ ռուսական տարբերակում գրված է․ «Քննարկվել է հանրապետությունում ստեղծած իրավիճակը։ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել Հայաստանում կարգուկանոնի ու հանդարտության, իրավիճակի՝ օրինականության շրջանակներում հանգուցալուծման օգտին։ ՌԴ ղեկավարը  կողմերին զսպվածության կոչ է արել»։  

Կոնստանտին Զատուլինը մեկնաբանեց այս «փոքրիկ բացթողումը»․ «Իրականում՝ նախագահ Պուտինը հույս է հայտնում, որ ամեն ինչ կհանգուցալուծվի օրինականության շրջանակներում, և Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից հազիվ թե այս պարագայում որևէ այլ բան ասվեր։ Հո ՌԴ նախագահը Հայաստանին ինչ-որ անօրինական բաների կոչեր չէ՞ր անելու։ Բայց պարոն Փաշինյանն աղավաղել է՝ «օրինականության շրջանակներում»-ի փոխարեն գրել է՝ «աջակցում են օրինական իշխանություններին», ինչն այս համատեքստում, հայաստանյան հասարակության բոլոր շերտերն ընդգրկած ընդվզումների ֆոնին, ներկայացվում է որպես գործող վարչապետին ուղիղ աջակցություն»»,-գրում է թերթը: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

 

Վերջին նորություններ