Օրվա լրահոս

Քաշաթաղի շրջանի գյուղ Ծաղկաբերդի բնակչուհի Մարգարիտա Ալեքսանյանի անասունները 2020 թ. հոկտեբերի 19-ին՝ պատերազմի թեժ օրերին, ինչ-որ անձինք գողացել են, ու մինչ օրս չեն կարողանում հայտնաբերել գողերին: Այս մասին գրում է Hraparak.am-ը:

 

«Նա մեզ հետ զրույցում պատմեց, որ ինքն ու երեխաները գյուղից դուրս էին գալիս և անասուններն էին քշում, որ գյուղից դուրս հանեն: Հանել հասցրել են Խնձորեսկի դաշտավայրը, և լսվել են կրակոցներ: «Ասացի՝ երեխեք եկեք ձեզ տանեմ տուն, հետո գամ կովերի հետևից: Երեխեքին թողեցի Գորիսում ու վերադարձա, որ անասուներս քշեմ բերեմ Գորիս, հետ եկա և տեսա՝ անասուներս չկան։ Երկու օր հետո եզդիներին ծախելուց բռնում եմ, բայց մենակ չորս անասուն, որից երկուսը իմն էր, իսկ էն երկուսը հարևանինս, մնացածը մինչև հիմա չկա»,- Hraparak.am-ին պատմեց տիկին Մարգարիտան: Նա ունեցել է 28 գլուխ անասուն, որից երկուսն է ընդամենը հայտնաբերել, 26-ը, ըստ նրա, գողացել վաճառել են:
 

Մարգարիտա Ալեքսանյանը նաև կասկածներ ունի՝ ովքեր են գողացել իր անասունները: «Ասեմ, որ իմ անասունները գողացել են Սյունիքի նորանշանակ մարզպետի ջոկատի տղաները և վաճառել են մարզպետի  քրոջ որդուն, նա էլ վաճառել ա եզդիների վրա: Սա խմբակային գողություն է»,- ասաց նա:
 

Հարցին՝ ոստիկանություն դիմե՞լ է, ի՞նչ են ասում, տիկին Մարգարիտան ասաց.

«Դիմել եմ, ասել են՝ հիմա պատերազմ ա, չենք կարող գործ հարուցել, ու քանի որ դուք Քաշաթաղից եք, պետք ա էնտեղ դիմեք ոստիկանություն։ Էն ժամանակ պատերազմ էր, դրա համար չեմ դիմել, հետո ես մոտեցա Սյունիքի մարզպետին, որպեսզի էդ հարցը իրա միջոցով լուծեինք, բայց ապարդյուն»»,- գրում է կայքը:

Վերջին նորություններ