Հույս ունեն, որ, ինչպես նախկինում են բռնազավթել իշխանությունը, հիմա էլ կհասնեն այդ բռնազավթմանը. Փաշինյան

Այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2021թ–ի մարտի 1-ը դիմավորում ենք բոլորովին այլ իրավիճակում, և շեշտեց` նախկինում այդ օրը ընդունված էր հիշատակի միջոցառումներ անցկացնել։

 

«Ղարաբաղյան պատերազմի ծանր հետևանքները, մեր հազարավոր զոհերի փաստը, մեր անհետ կորածների առկայությունը, բազմաթիվ եղբայրների և քույրերի գերեվարված լինելու հանգամանքը, բռնության շարունակական քարոզը, զինված ուժերն ու դատական համակարգը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերը մեր առաջ դրել են նորանոր մարտահրավերներ»,– ասաց նա:

 

Խոսելով մարտի 1-ի հայտնի իրադարձությունների մասին` Փաշինյանն ընդգծեց, որ այն ժողովրդի իշխանության համար մղվող պայքարի հետևանք էր, երբ ՀՀ այն ժամանակվա իշխանությունը բանակը հանեց սեփական ժողովրդի դեմ։

Փաշինյանը նշեց, որ «Մարտի 1»-ի գործով կան դատարանի առաջ կանգնած մեղադրյալներ։

«Ու պիտի արձանագրեմ, որ «Մարտի 1»-ի գործն, ըստ էության, իմ գնահատմամբ, բացահայտված է։ Շատերը հարց են տալիս, թե ինչպես կարելի է բացահայտված համարել «Մարտի 1»-ը, երբ սպանությունները բացահայտված չեն։ Իմ կարծիքն ու անձնական գնահատականն այն է, որ, ճիշտ է, կրակողները բացահայտված չեն, բայց սպանությունները, այն ֆոնը, որում դա տեղի է ունեցել, բացահայտված են»,– ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` դա է պատճառը, որ «Մարտի 1»-ի մեղադրյալների փաստաբաններն անում են հնարավորը` դատավարությունը ձգձգելու համար։

 

«Ինչի՞ համար են այդ ձգձգումները։ Որովհետև հույս ունեն, որ, ինչպես նախկինում են բռնազավթել իշխանությունը, հիմա էլ կհասնեն այդ բռնազավթմանը»,– ասաց նա։

 

Հիշեցնենք` 2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին վերահաշվարկել քվեները։

Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ էին իրականացրել «տեղանքը ստուգելու» համար և հազարավոր ցուցարարների հեռացրել էին հրապարակից։

Մարտի 1-ի երեկոյան ԶՈւ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ էին իրականացրել։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել, մահացել էին 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։

Քաղաքականություն

Պատահարներ