Հայտնի է՝ երբ են հանդիպելու ՀՀ նախագահն ու ընդդիմության առաջնորդները

Հայաստանի Հանրապետության նախագահի և ընդդիմության առաջնորդների հետ հանդիպումը կայանալու է վաղը՝ ժամը 11։00-ին։ Այս մասին տեղեկացնում է hraparak.am-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ընդդիմությունը ցանկանում է քննարկել նախագահի հետ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագրի հարցը։ Հայրենիքի փրկության շարժման անդամները հանդիպման համար դիմել էին Արմեն Սարգսյանին և դրական պատասխան ստացել։

Հիշեցնենք` ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց, նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։


 

Քաղաքականություն

Պատահարներ