Գիտական հետազոտությունների ուղղության համար հատկացվելու է 1 մլրդ 638 մլն դրամի չափով գումար

Գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերի միջոցառումների իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցները կավելանան 2 մլրդ 784 մլն դրամով։ Համապատասխան որոշման նախագծին հավանություն տրվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ նախագծի համար հիմք են ծառայել գիտության ոլորտի զարգացման հեռանկարների մասին շարունակական խորհրդակցությունները և դրա շրջանակներում տրված հանձնարարականները։ Փոխնախարարի խոսքով ավելացվող միջոցներն ուղղվելու են երկու հիմնական ոլորտների՝ ենթակառուցվածքի արդիականացման ծրագրերին և թեմատիկ գիտական հետազոտություններին։ Ենթակառուցվածքի արդիականացման համար հատկացվելու է 1 մլրդ 31 մլն դրամի չափով գումար. «Սա ուղղվելու է ավելի բարձր արդյունավետություն ունեցող գիտական կազմակերպությունների համար գիտական ժամանակակից և կարևորագույն նշանակություն ունեցող սարքավորումների ձեռքբերմանը, ինչպես նաև այդ սարքավորումների վրա հետազոտական աշխատանք իրականացնող անձնակազմի վերապատրաստմանը։ Այսկերպ կկարողանանք ապահովել փորձարարական գիտությունների բնագավառում հետազոտությունների լիարժեք հենքը, ինչը կբերի հետազոտությունների որակի բարձրացմանն ու հնարավորություն կստեղծի որակյալ կիրառական հետազոտություններ իրականացնելու։ Սա կարևոր է նաև տնտեսության զարգացման համար»,-նշեց Ժաննա Անդրեասյանը։

Գիտական հետազոտությունների ուղղության համար հատկացվելու է 1 մլրդ 638 մլն դրամի չափով գումար։ Փոխնախարարը նշեց, որ առանցքային ուղղություներ են երկակի հետազոտությունների մրցութային ծրագրերը, որոնք Հանրապետության անվտանգության մակարդակի բարձրացման համար ունեն առանցքային նշանակություն։

Դրամաշնորհները տրամադրելու են տնտեսության կարիքներից բխող կիրառական հետազոտություններով զբաղվող գիտական խմբերին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երկար ժամանակ է, ինչ քննարկվում է գիտության ֆինանսավորման ավելացման թեման, և այդ հարցը կառավարության օրակարգում է շարունակվում մնալ. «Ուղղակի որևէ տեղում գումար ավելացնելն ամենևին չի նշանակում, որ մենք կհասնենք բովանդակային արդյունքի։ Շատ կարևոր է հավաստիանալ, որ այն ներդրումը, որն արվում է համակարգի կողմից կարող է մարսվել և այդ ներդրումը կլինի նպատակային ու կծառայի գիտության զարգացմանը։ Այս որոշումը երկար քննարկումների արդյունք է»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ գործընթացը շարունակական է լինելու։ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ կրթության և գիտության ոլորն ունեն ռազմավարական նշանակություն։

Քաղաքականություն

Պատահարներ