Օրվա լրահոս

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի խոսքով՝ քանի դեռ ռուսական խաղաղապահ ուժերն Արցախում են, քանի Ռուսաստանը կայուն է, անհնարին է Արցախյան հարցը ռազմական ճանապարհով լուծելը, ադրբեջանական ագրեսիան Արցախի դեմ անհնար է, որովհետև այն կդիտարկվի որպես ագրեսիա Ռուսաստանի դեմ։ Tert.am-ի հետ զրույցում նա նման դիտարկում արեց՝ անդրադառնալով ադրբեջանցի իրավապաշտպան Ահմեդ Շահիդովի թվիթերյան գրառմանը, ըստ որի, հունիսից Ստեփանակերտը լինելու է Ադրբեջանի զինված ուժերի լիակատար վերահսկողության ներքո՝ լինի դա խաղաղ ճանապարհով, թե ուժի կիրառմամբ:

 

«Նրանց համար գերնպատակն այն է, որ հայ չմնա Արցախում, որ Արցախը կործանվի, իսկ դրա համար, չկարողանալով դիմել ռազմական ճանապարհի, պարզապես քիչ ռեսուրսներ ծախսելով, տեղեկատվական ոլորտում մեզ վրա ազդեցություն գործելով՝ փորձում են իրենց աշխարհաքաղաքական նպատակներն իրականացնել»,- ասում է նա։

 

-Պարո՛ն Սարգսյան, վերջին օրերին քննարկվում է ադրբեջանցի իրավապաշտպան Ահմեդ Շահիդովի թվիթերյան գրառումը, ըստ որի, հունիսից Ստեփանակերտը լինելու է Ադրբեջանի զինված ուժերի լիակատար վերահսկողության ներքո՝ լինի դա խաղաղ ճանապարհով, թե ուժի կիրառմամբ: Ցանկանում եմ իմանալ Ձեր կարծիքը  գրառման վերաբերյալ․ ի՞նչ է դա նշանակում՝ սպառնալի՞ք, կանխատեսո՞ւմ, թե՞ որոշակի գործընթացների հնարավոր հետևանք։

-Դա և՛ սպառնալիք է, և՛ ցանկություն է, և՛ Ադրբեջանի քաղաքական ուրվագծերից մեկն է, բոլորն էլ միասին։ Բայց քանի դեռ ռուսական խաղաղապահ ուժերն Արցախում են, քանի Ռուսաստանը կայուն է, անհնարին է Արցախյան հարցը ռազմական ճանապարհով լուծելը, ադրբեջանական ագրեսիան Արցախի դեմ անհնար է, որովհետև այն կդիտարկվի որպես ագրեսիա Ռուսաստանի դեմ։ Դա պարզապես շատ անկանխատեսելի հետևանքներ է ունենալու։ Դրա համար ադրբեջանցիները դիմում են այլ եղանակի։

Նրանց համար գերնպատակն այն է, որ հայ չմնա Արցախում, որ Արցախը կործանվի, իսկ դրա համար, չկարողանալով դիմել ռազմական ճանապարհի, պարզապես քիչ ռեսուրսներ ծախսելով, տեղեկատվական ոլորտում մեզ վրա ազդեցություն գործելով՝ փորձում են իրենց աշխարհաքաղաքական նպատակներն իրականացնել։ Տնտեսապես դա շատ էժան է։ Պարզապես հայտարարում են, որ Ստեփանակերտը իրենցն է լինելու, հարձակվելու են հունիսին, օգոստոսին, նոյեմբերին, հունվարին, տարբեր օրեր, ամիսներ շաբաթներ են ասելու տարիներ շարունակ, որպեսզի մեր ժողովրդի մոտ վհատություն լինի, որպեսզի վաղվա օրվա նկատմամբ հավատ չլինի, կամ էլ այստեղ ապրողները մտածեն, որ այստեղից պետք է դուրս գան, այստեղից գնացածները չցանկանան այլևս վերադառնալ, այդպես հայաթափեն Արցախը։ Սա է նրանց նպատակը։

-Շահիդովը նաև նշել էր, որ հայերը բավականաչափ տեղեկացված չեն նոյեմբերի 10-ի հրադադարի վերաբերյալ հայտարարության մասին։ Ըստ նրա, եռակողմ հայտարարության համաձայն, Ստեփանակերտն ու բոլոր քաղաքներն աստիճանաբար կանցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ: Իրավապաշտպանը նաև հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր չեն հավատում, կարող են այդ մասին հարցնել  Նիկոլ Փաշինյանին: Ձեզ արդյոք հայտարարության այս մասը չի մտահոգե՞լ։ Փորձե՞լ եք հարցը քննարկել Նիկոլ Փաշինյանի հետ։

-Դա տեխնոլոգիա է։ Մեզ համար խնդիրն այն չէ, թե սլաքներն ում վրա են գցում, ով դրա տակից պետք է դուրս գա։ Մեզ համար մի կարևոր խնդիր, գերնպատակ կա՝ Արցախը վերականդանացնելը, Արցախը հայկական պահելն է։ Դրա կարևորագույն գրավականներից մեկն այն է, որ Արցախը պետք է լինի սրբություն ողջ հայության համար, այդ թվում՝ Սփյուռքում և Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում նրա խոսքը պետք է լինի վճռական։ Դա չի նշանակում, որ Արցախը միջամտի մանր-մունր «ռազբորկաներում»։ Դրա համար ես չեմ ցանկանում մտնել ներքաղաքական դիսկուրսի մեջ։ Հայաստանի հասարակությունը թող ինքը որոշի, թե ում է վստահում։ Իհարկե, պարզ է, որ ապագան կախված է նրանից, թե ում է վստահում նա։ Բայց դա այլ խնդիր է։

Մենք ասում ենք, որ դա տեխնոլոգիա է։ Դրանով փորձ են անում մեր մեջ վհատություն սերմանել։ Ցանկանում եմ նաև տրամաբանորեն խոսենք․ այստեղ ռուսական զորքն է, որը եկել է ոչ թե 5 կամ 6 ամսով, որպեսզի հետո ինչ-որ մեկը Ադրբջանում հայտարարի, և նրանք դուրս գան։ Եթե տեսականորեն պատկերացնում ենք, որ եղել է պայմանավորվածություն, իսկ ես դրան չեմ հավատում, քանի որ Արցախի լինելիության մեջ կա աշխարհի հզորների շահը, ապա ինչու՞ են ռուսական խաղաղապահ ուժերը եկել, այն ժամանակ կարող էին տալ, ինչու՞ են այսքան երկարացրել, ո՞րն է պատճառը։

-Պարո՛ն Բաբայան, հիմա լրատվամիջոցներով տարածվում է նաև տեղեկատվություն, որ Ստեփանակերտի օդանավակայանին կից տարածքում, որը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո,  մահմեդական զինծառայողների համար կառուցվելու է մզկիթ։ Կուզեի Ձեզնից իմանալ, թե արդյոք տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը։

-Ռուսական զորքը բազմազգ է։ Դա չի լինելու տարածաշրջանային նշանակության մզկիթ։ Մենք էլ մեր զորամասերում փոքրիկ աղոթատներ ունենք։ Նույնը անում ենք նրանք իրենց զինվորների համար։ Հիմա եթե իրենց զինվորականների կազմում կան մահմեդականներ, քրիստոնյաներ, վաղը բուդդիստներ կարող են լինել, իրենք իրենց համար պաշտանմունքի վայր են կառուցելու։ Նրանք հատուկ կրոնական քաղաքականություն չեն վարում՝ հասկանալով, որ դա նախևառաջ ճիշտ չէ, երկրորդը՝ պայթյունավտանգ է, պետք չէ իզուր խնդիրներ ստեղծել։

- Հարցը արցախյան կողմի հետ քննարկվե՞լ է։

-Դա արվելու է իրենց զորամասում, այն վայրում, որտեղ նրանք ապրում են։ Եթե այդտեղ նրանք ցանկանում են ունենալ բաղնիք, ի՞նչ է, մենք պետք է դեմ լինենք։ Դա զուտ ենթակառուցվածք է։ Այս հարցը մենք չպետք է քաղաքականացնենք, դա զուտ մարդկային, կենցաղային խնդիր է։

-Պարոն Բաբայան, այս օրերին սոցիալական ցանցերում տարածվում են Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը հանելու լուսանկարները։ Կա՞ պայքարի ձև այս քաղաքականության, ադրբեջանական վանդալիզմի դեմ։

-Պայքարի ձևը միայն մեկն է․ պետք է ուժեղ լինենք, վերջապես դարձի գանք ազգովի։ Իսկ Արբեջանի վանդալիզմի մասին բարձրաձայնելու ենք ամեն տեղ․ ի դեմս Ադրբեջանի՝ մենք ունենք հանցագործ և ահաբեկիչ երկիր, որը շատ ակնհայտ, առանց որևէ վախի, կաշկանդվելու, ոտնահարում է մարդասիրական միջազգային իրավունքը։ Դրա համար մեր պետությունը պետք է ուժեղ լինի, որ թույլ չտանք այսպիսի բաներ։ Ազգովի պետք է դարձի գանք։ Սա է միակ ճանապարհը։

Վերջին նորություններ