Օրվա լրահոս

Հայտնի են խորհրդարան անցած պատգամավորների անունները. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կազմել և ստորագրել է ԱԺ պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին արձանագրությունը: Ըստ այդմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մանդատառուների շարքում է նաև Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը:

 

2019-ի սեպտեմբերի 17-ի գիշերը Վայոց ձորում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի հետևանքով կոմայի մեջ գտնվող ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ Արա Մխիթարյանի եղբորը` Կարեն Մխիթարյանին, զայրացրել է իշխանությունների այս վերաբերմունքը:

 

«Դե արդեն պարզ էր, էլի, իրենց պոլիտիկան, էլ ի՞նչ ասեմ: Սա է մեր ղեկավարությունը. եթե ղեկավարությունն էս է, երկրի հալն էլ էս պետք է լինի, պարզ է: Եթե մի պաշտոնավոր, այսինքն՝ Նիկոլիկը (ինձ համար՝ արդեն Նիկոլիկ է, վարչապետ չէ), ծնողին խոսք է տալիս, որ Տրդատին պատասխանատվության կկանգնեցնի, բայց հիմա տանում է պատգամավոր, էլ ի՞նչ ասեմ այդ մարդուն»,- 168.am-ի հետ զրույցում ասել է նա:

 

Կարեն Մխիթարյանը ցավով նշեց, որ եղբոր առողջական վիճակը շարունակում է մնալ նույնը. «Փոփոխություն չկա, դատավարությունն էլ՝ մարդիկ ուզում են բոլորին պատասխանատվությունից ազատած լինեն»:

 

Հիշեցնենք՝ 2019-ի սեպտեմբերի 17-ի գիշերը Վայոց ձորում տեղի էր ունեցել ծեծկռտուք, ինչի հետևանքով փոխգնդապետ Արա Մխիթարյանը շուրջ երկու տարի է՝ կոմայից դուրս չի եկել:

 

Քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել  Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանը և նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը: Դեպքին ներկա եղած սպաները ցուցմունք էին տվել, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը ևս ներկա է եղել և անգործություն է դրսևորել, նրանք իրենց ցուցմունքները պնդել էին նաև առերես հարցաքննության ժամանակ: Քննչական կոմիտեն, սակայն, հայտնել էր, որ նախկին մարզպետը 2019-ի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Չնայած դրան, միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։

 

2020 թվականի հուլիսին Տրդատ Սարգսյանը նշանակվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար:

Վերջին նորություններ