Ադրբեջանի դիմումը երեսպաշտ, ջղաձիգ արձագանք է. Հաագայում ՀՀ շահերի ներկայացուցիչ

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանն այսօր սկսել է քննել Հայաստանի դեմ Ադրբեջանի ներկայացրած հրատապ միջոց կիրառելու պահանջը՝ ադրբեջանական ձևակերպմամբ «Հայաստանի սպառնալիքներից Ադրբեջանին պաշտպանելու համար»: Հայաստանի շահերի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է ադրբեջանական հայտարարություններին՝ դրանք կեղծ որակելով: Այս մասին փոխանցում է 1lurer.am-ը։ 

 

Ելույթում, մասնավերապես, Կիրակոսյանը նշել է. 

 

«Տիկին նախագահ, դատարանի հարգարժան անդամներ, պատիվ և մեծ շնորհ է այս գործում ձեր առջև հանդես գալ որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ: Այսօր առավոտյան դուք լսեցիք Ադրբեջանի բանավոր հայտարարությունները՝ կապված միջանկյալ միջոցներ կիրառելու խնդրանքի հետ: Այդ դիմումը կազմված է ակնհայտորեն Կոնվենցիայի կարգավորումների առարկա չհանդիսացող հարցերից: Սա կեղծ համարժեքության վարժություն է, տեղեկատվական ծխածածկույթ ստեղծելու համար մշակված մարտավարություն, որը նախատեսված է տպավորություն ստեղծելու, թե Ադրբեջանն իսկական զոհն է: 

 

Ադրբեջանի դիմումը երեսպաշտ, ջղաձիգ արձագանք է կեղծ հավասարություն ստեղծելու համար՝ Հայաստանի հիմնավորված պնդումներին հակադարձելու նպատակով: Հայաստանն Ադրբեջանին ծանուցել էիր պահանջների մասին 2020 թվականի նոյեմբերի 11-ին: Հետո Ադրբեջանը պատասխանեց ոչ թե ներգրավմամբ, այլ «կրկնօրինակմամբ»: 

 

Հայաստանը բարձրաձայնեց ատելության խոսքի հետ կապված պահանջների մասին: Ադրբեջանը կրկնօրինակեց: Հայաստանը ներկայացրեց մշակութային ժառանգության ոչնչացման պահանջներ: Ադրբեջանը կրկնօրինակեց: Հայաստանը սեպտեմբերին ներկայացրեց իր դիմումը դատարան՝ միջանկյալ միջոցներ կիրառելու միջնորդությամբ: Ադրբեջանը նորից կրկնօրինակեց՝ ուղիղ մեկ շաբաթ անց: Ադրբեջանի պնդումները շինծու և պաշտպանական քայլ են: Երբ ծխածածկույթը հանում ես, այդ պնդումների որևէ բովանդակություն չես կարող գտնել: Խոջալուի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացուցչի աղաղակող կեղծ տեղեկությունները դրա վառ օրինակն են: 

 

Ադրբեջանը ցանկանում է ինչ-որ հարցե՞ր բարձրացնել: Մենք նույնպես կարող ենք: Սկսե՞մ խոսել Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում, Գանձակում էթնիկ հայերի կոտորածների և ջարդերի մասին: Ո՛չ, ես դա չեմ անի, քանի որ հիմա դրա ժամանակը չէ: Եվ ես չեմ կարող պատկերացնել, թե ինչպես դա կարող էր արդյունավետ լինել դատարանի համար: Իմ հարգարժան գործընկերները ցույց կտան, որ Ադրբեջանի խնդրանքը ներկայացնում է հարցեր, որոնք խնդրահարույց են միայն առաջին հայացքից, և առաջ է քաշում այն պահանջները, որոնք որևէ կերպ չեն առնչվում Կոնվենցիայից բխող իրավունքներին: Ավելին, Կոնվենցիայով նախատեսված որևէ իրավունքի անհետաձգելի կամ անուղղելի վնաս չկա: Ականազերծման վերաբերյալ Ադրբեջանի խնդրանքը փորձ է դատարանի մոտ ստեղծել խտրականության առերևույթ տպավորություն այնտեղ, որտեղ այն իրականում գոյություն չունի և չի կարող լինել: Ադրբեջանի դիմումում ներկայացված ենթադրյալ ապացույցները բացարձակապես ոչ մի ապացույց չեն պարունակում, թե ո՞վ է ականներ տեղադրել, որտե՞ղ են դրանք տեղադրվել, ե՞րբ և ինչո՞ւ են դրանք տեղադրվել: 

 

Հարկ է նշել, որ հենց Ադրբեջանն է հարյուր հազարավոր ականներ տեղադրել 1990-ականների սկզբին: Հակամարտության գոտում ականների առկայությունն ազդել է բոլորի վրա: Ցավոք, բոլորս տուժել ենք ականների պատճառով, և իմ երկիրը ցավում է յուրաքանչյուր մարդու ողբերգական մահվան կապակցությամբ՝ անկախ էթնիկ ծագումից: Տասնամյակներ շարունակ մենք ձգտել ենք ավարտին հասցնել ականազերծման համապարփակ գործընթացը: Այնուամենայնիվ, Ադրբեջանը համառորեն արգելափակում էր բոլոր նման հումանիտար ջանքերը, քանի որ ծագումով հայերը լինելու էին հիմնական շահառուները: Միայն հիմա, երբ այդ անձինք հարկադրված էին հեռանալ, Ադրբեջանը հանկարծ գիտակցեց ականազերծման արժեքը: 

 

Այնուամենայնիվ, Հայաստանի վարչապետը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ, այդ թվում՝ ականների հետ կապված հարցերի քննարկման համար: 

 

Հայաստանն արդեն երկու անգամ Ադրբեջանին տրամադրել է ականապատ դաշտերի քարտեզներ: Բոլոր հումանիտար հիմնախնդիրների լուծման համատեքստում մենք պատրաստ ենք տրամադրել մեր ձեռքի տակ եղած մյուս քարտեզները, որոնք ցույց են տալիս ադրբեջանական զինված ուժերի թիկունքում ընկած ականապատ դաշտերի տեղակայումը, որոնք այժմ բացառապես հումանիտար բնույթի մտահոգություններ են առաջացնում: Եվ Հայաստանն այդ առաջարկն արել է՝ չնայած այն հանգամանքին, որ նման քարտեզներ տրամադրելու որևէ իրավական պարտավորություն չունի:

 

Այդուհանդերձ, Ադրբեջանը Հայաստանին անհիմն մեղադրում է «Ադրբեջանի տարածքում ականապատման գործողություններ իրականացնելու մեջ» ներգրավվելու համար և դատարանին խնդրում է Հայաստանից պահանջել դադարեցնել դա: Տիկին նախագահ, չնայած նման խնդրանքն ակնհայտորեն դուրս է Կոնվենցիայի շրջանակներից, ցանկանում եմ հստակեցնել՝ Հայաստանը ականներ չի տեղադրում Ադրբեջանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության տարածքում: Հայաստանը հարգում և պահպանում է ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից զերծ մնալու իր պարտավորությունը՝ ի տարբերություն Ադրբեջանի Հանրապետության: Նույնիսկ հիմա, երբ մենք ելույթ ենք ունենում դատարանի առջև, Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը, և նրա զորքերն անօրինականորեն տեղակայված են Հայաստանի անվիճելի ինքնիշխան տարածքի խորքում: 

 

Փաստացի, հենց այս լսումների ընթացքում ադրբեջանական ուժերը շարունակում են գնդակոծել գյուղերը և թիրախավորել խաղաղ բնակիչներին Հայաստանում և Արցախում: Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է նաև` «հակաադրբեջանական ատելության խմբերին» աջակցելու, հանդուրժելու և ատելություն տարածելու առցանց արշավներ հովանավորելու համար: Այս մեղադրանքները փաստացի հիմնազուրկ են: Հակառակը՝ Հայաստանի կառավարությունը, այդ թվում՝ վարչապետ Փաշինյանը, ակտիվորեն հետամուտ է տարածաշրջանում խաղաղության և հաշտեցման օրակարգին: Իսկապես, վերջերս ընդունված Կառավարության գործողությունների ծրագիրը հստակ նպատակ է սահմանում՝ «մեր երկրի և տարածաշրջանի խաղաղ զարգացման նոր դարաշրջան» բացելը: Նախորդ շաբաթ դուք լսեցիք մեր իրավախորհրդատուներին, որոնք բառացիորեն ներկայացրեցին այն ատելի հռետորաբանությունը, որն օգտագործում է նախագահ Ալիևը՝ նկարագրելով իմ ժողովրդին: Ես այստեղ նորից չեմ կրկնի այդ սարսափելի վիրավորանքները: Ադրբեջանի գործի նյութերում, անշուշտ, չկան այնպիսի ձևակերպումներ, թեկուզ անգամ մի փոքր մոտ այն ատելության խոսքին, որը վերագրվում է իմ կառավարությանը: Փոխարենը, Ադրբեջանը դատարանի ուշադրությանն է ներկայացնում արտակարգ իրավիճակների և ինքնապաշտպանության դասընթացներ անցնող մի քանի անձանց կամ ոչ կառավարական կազմակերպությունների հայտարարությունները: 

 

Թույլ տվեք հստակ ասել. Հայաստանը չի աջակցում և չի արդարացնում ռասայական հողի վրա ստորացուցիչ հայտարարությունները և շատ լուրջ է վերաբերվում Կոնվենցիայով ստանձնած իր բոլոր պարտականություններին: Բայց այն, որ Ադրբեջանը որոշել է նման մեղադրանքները ներկայացնել դատարանի առջև, փաստացի պաշտպանելով իր իսկ նախագահի և պետական պաշտոնյաների սարսափելի հայտարարությունները, ցույց է տալիս միայն մեկ բան՝ նրա հուսահատ փորձը կրկնօրինակել Հայաստանի գործը՝ անկախ նրանից, թե որքան հիմնազուրկ կլինեն իր պահանջները: Ապացույցների պահպանման վերաբերյալ Ադրբեջանի պահանջած միջոցն ավելի լավ չէ: Այն պարզապես սխալ է: Այս խնդրանքը վերաբերում է ենթադրյալ իրավունքին, որը Կոնվենցիայով սահմանվող իրավունք չէ: 

 

Ներկայում Հայաստանը հետաքննում է հանցագործությունները, որոնք ենթադրաբար կատարվել են հայ զինծառայողների կողմից ադրբեջանցիների նկատմամբ: Այնուամենայնիվ, Ադրբեջանը չի կարող Կոնվենցիան վերածել իրավական փոխօգնության պայմանագրի: Ավելին, քանի որ խնդրանքը վերաբերում է ներկայում Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում գտնվող ապացույցներին, նման ապացույցները Հայաստանի վերահսկողության տակ չեն: Մեր իրավախորհրդատուները կմանրամասնեն այս հիմնարար թերությունները և այլ խնդիրներ, որոնք վերաբերում են Ադրբեջանի անհիմն խնդրանքին: 

 

Տիկին նախագահ, դատարանի հարգելի անդամներ, 

 

Հայաստանի գիտակ իրավախորհրդատուներն այժմ ձեզ հիմնավոր կերպով ցույց կտան, որ միջանկյալ միջոցների կիրառելու վերաբերյալ Ադրբեջանի խնդրանքը պետք է ամբողջությամբ մերժվի: Նախ, պրոֆեսոր Կոլբը կանդրադառնա primafacie-ի իրավասությանը: 

 

Երկրորդ, պրոֆեսոր Մըրֆին ցույց կտա, թե ինչու են ականների և ենթադրյալ անդրսահմանային գործողությունները կատարելու վերաբերյալ Ադրբեջանի պահանջները չեն բավարարում դատարանի՝ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջները, Ադրբեջանի հարցումները չեն համապատասխանում primafacie-ի իրավասությանը, չեն առաջացնում Կոնվենցիայով նախատեսված իրավունքներ և ունեն մի շարք լուրջ թերություններ: 

 

Երրորդ, դոկտոր Սալոնիդիսը կանդրադառնա, թե ինչու ադրբեջանցիների դեմ ռասայական ատելության ենթադրյալ հրահրման հետ կապված Ադրբեջանի պահանջը նույնպես չի համապատասխանում միջանկյալ միջոց կիրառելու պահանջներին և չի հանդիսանում Կոնվենցիայի խախտում: 

 

Ադրբեջանի ապացույցները չեն հաստատում ռասայական ատելության կամ բռնության խրախուսումը կամ հրահրումը, ոչ էլ պետության կողմից որևէ գործողություն, որը նախատեսում է կոնվենցիայի կիրառում: Պրոֆեսոր դ’Արժանը կեզրափակի Հայաստանի առարկությունների ներկայացումը՝ բացատրելով, թե ինչու է ապացույցների հավաքման և պահպանման վերաբերյալ Ադրբեջանի խնդրանքն անտեղի և, ամեն դեպքում, չի համապատասխանում միջանկյալ միջոցառումներ կիրառելու պահանջներին: Այս առումով Ադրբեջանի դիմումը դուրս է Կոնվենցիայի և Դատարանի դատական պրակտիկայի շրջանակներից: 

 

Շնորհակալ եմ, տիկին նախագահ, դատարանի հարգելի անդամներ, ձեր ուշադրության համար»:
 

Քաղաքականություն

Պատահարներ