«Ադրբեջանցի գաիշնիկներն արդեն կանգնեցնում են հայկական ավտոմեքենաները և տուգանում». Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես այն տպավորությունն ունեմ, որ բոլորս մասնակցում ենք անվերջ ազգային խայտառակության փառատոնում։
Եվ ամենաահավորը նա է, որ մեզնից շատերն արդեն, կարծես, մերվել են ապրել ադրբեջանցիների կողմից ամենօրյա ազգովի բոլորիս նսեմացնելու փորձերի ներքո։
Որքան էլ Հայաստանի ներկայիս գերխաղաղասեր իշխանությունները իրենց դնեն չգիտեմ ինչի տեղ և համաձայնվեն հանձնել Հայաստանի ինքնիշխան տարածքները թշնամուն՝ հիմնվելով ինչ-որ շինծու հիմնավորումների վրա, միևնույն է, ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության տարածքներն այժմ օկուպացված են ադրբեջանցիների կողմից և ադրբեջանցիները անում են հնարավորը և անհնարինը, որպեսզի այդ տարածքների օկուպացիան լեգիտիմացնեն։
Օրինակ, ըստ հայկական և ադրբեջանական մամուլում հայտնված հաղորդագրությունների, ադրբեջանցի Գաիշնիկներն արդեն կանգնեցնում են հայկական ավտոմեքենաները և ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ տուգանում։
Հասկանո՞ւմ եք, սա ի՞նչ է նշանակում։ 
Դե լավ, ավելի պատկերավոր ներկայացնեմ, Գորիս֊Կապան ճանապարհի օկուպացված տարածքները ոչ մի կերպ չեն կարող հանդիսանալ Ադրբեջանի տարածքներ, քանզի առայժմ Հայաստանի Հանրապետության իբր «ժողովրդական և պետականամետ» իշխանությունները չեն հասցրել «թղթով» լեգիտիմացնել այդ հատվածի փոխանցումը ադրբեջանցի զավթիչներին (իմիջայլոց ես ոչ մի վայրկյան չեմ կասկածում, որ եթե ամեն ինչ շարունակվի այսպես, ապա մեր «պողպատե» իշխանությունները նաև «թղթով» կհանձնեն Սյունիքի այդ հատվածը թշնամուն) և ադրբեջանցի Գաիշնիկները նույն հաջողությամբ կարող են, օրինակ, ոստիկանական պոստ դնել Երևանում Մաշտոցի պեղոտայում և տուգանքներ դուրս գրեն «հպարտ քաղաքացիներին»:
Իհարկե, շատ կոպիտ և աբսուրդային օրինակ է թվում առաջին հայացքից, սակայն միջազգային իրավունքի մասով այն ինչ կատարվում է Գորիս֊Կապան օկուպացված տարածքներում ոչ պակաս աբսուրդ է, քան՝ իմ բերած օրինակը։
Բայց դե ոչինչ, մի նեղվեք, կարևորը մեզ ասել են,որ Ապագա Կա՜... վայելե՛ք»:

Քաղաքականություն

Պատահարներ