Երևանում պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկներն իրականացրել են «Իմ լոխումը քո բալի մեջ» օպերացիան. կան բերման ենթարկվածներ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները մայրաքաղաքում իրականացրել են հատուկ օպերացիա:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկային ծառայությունում մի քանի քաղաքացիներից ահազանգեր են ստացվել, որ մայրաքաղաքի տարբեր փողոցներում  BMW 750Li  մակնիշի առանց համարանիշների ավտոմեքենան և նրան ուղեկցող մի քանի ավտոմեքենաներ  չարամտորեն խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները, անհարկի ձայնային ազդանշաններ թողնելով: 

 

Օպերացիան կրել է «Իմ լոխումը քո բալի մեջ» անվանումը:  Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝  գումարտակի  հրամանատար Արմեն Գասպարյանի, հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրամանատար Հովաննես Մանուկյանի գլխավորությամբ պարզել են,  թե որ ուղղություններով են նշված անձինք «զվռնում» և սկսվել է մի իսկական կինո: Հետապնդումը տևել է գրեթե  3 ժամ, որից հետո վերջիններս մի քանի ավտոմեքենաներով մայրաքաղաքից դուրս են եկել դեպի Երևան-Սևան մայրուղի: Ի վերջո, պարեկները  նրանց հայտնաբերել են Երևան-Սևան ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական տարածքում գործող «Բալի» ռեստորանահյուրանոցային համալիրում: 

 

Այդ ընթացքում առանց համարանիշների BMW-ի վարորդը հեռախոսով կապի մեջ  է մտել «Բալի» -ի աշխատակցի հետ ու նրան ասել, որ  համարներից մեկի հեռակառավարմամբ  գործող  մուտքը բացեն, ինչը և կատարվել է, ապա, հասնելով «Բալի»  ռեստորանահյուրանոցային համալիր, մտել է  3-րդ հյուրասենյակ, իսկ նրա  հետ եղած  անձինք էլ ավտոմեքենաները կայանել և բարձրացել են  2-րդ հարկի հյուրասենյակ:  Նրանց  թվում է, թե իրենք մոլորեցրել են պարեկներին, սակայն պարեկները ճիշտ հետքի վրա են կանգնել: Նշված համալիրից ոստիկանության Աբովյանի բաժին են բերման ենթարկվել 5 հոգի: Նրանք են՝  28-ամյա Սերժ Վարդանյանը,  24-ամյա Պետրոս Մինասյանը, 29-ամյա Սարգիս  Սարգսյանը, 26-ամյա Վոլոդյա Մուրադյանը և 31-ամյա Մ. Պողոսյանը:  Հյուրանոցի համալիրի բակում էլ հայտնաբերվել է BMW X6, Mercedes, Toyota Camry և առանց համարանիշների BMW-ն: Վերջինս, ըստ տեղեկությունների,  վարել է Ս. Վարդանյանը, ով  «Ճվճվ Արոյի» քրեական պատմություններով հարուստ որդին է՝ «Ճվճվի Սերժուլիկ» մականվամբ: 

Քաղաքականություն

Պատահարներ