Վարչապետի հետ հանդիպումից հետո իմ մտահոգություններն ավելի խորացան․ Գորիսի փոխքաղաքապետ

Տեղեկությունը, որ հանդիպման ընթացքում Սյունիքի համայնքապետները դեմ չեն եղել Սյունիքով միջանցք տրամադրելուն, սուտ է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը։

«Ես, որպես Գորիսի համայնքապետի տեղակալ, Առուշ Առուշանյանի ջոկատի հրամանատարի տեղակալ, ասում եմ, որ տեղեկությունն ամբողջությամբ սուտ է։  Առուշանյանը, թեև ազատության մեջ չէ, սակայն պատրաստ է կանգնել բանակի կողքին և իր մի թիզ հողի համար կռվել մինչև վերջ։ Գորիսի համայնքը պատրաստ է մարտնչել և պաշտպանել իր տարածքը։ Ես մասնակցել եմ հանդիպմանը, քանի որ Սյունիքում ստեղծված իրավիճակը հաճախ մանիպուլացված է, և անհրաժեշտ է հստակ դիրքորոշում արտահայտել և ստանալ պատասխաններ, սակայն վարչապետի հետ հանդիպումից հետո Սյունիքի սահմանների պաշտպանության հետ կապված իմ մտահոգություններն ավելի խորացան, քանի որ որևէ հստակ պատասխան չտրվեց»,- նշել է նա։

Հարցին, թե հանդիպման ընթացքում հնարավոր է, որ կողմ է եղել Սյունիքի միջանցքի տրամադրմանը հակառակորդին, Քոչարյանը պատասխանեց, որ նման բան չի եղել։

«Նման արտահայատություն, նման համաձայնություն չի եղել»,- ասել է նա։

Նշենք, որ մամուլում տեղեկություն էր տարածվել, ըստ որ նախօրեին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում Սյունիքի համայնքապետները դեմ չեն եղել Սյունիքի միջանցքի տրամադրմանը։

Քաղաքականություն

Պատահարներ